Քրաուդֆանդինգի հայկական հարթակը մտադիր է ներդրումներ ներգրավել նաև Լոս Անջելեսից և տեղում ԱՌՖԻ-ի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել գործարարների հետ: Հարթակը միջնորդ է հանդիսանում օնյալն ներդրումներ կատարող ընկերությունների համար, իրազեկում տվյալ բիզնեսի ռիսկերի մասին: Այս դեպքում նպատակը շահույթ հետապնդելն է, ոչ թե հայկական ընկերություններին աջակցելըը:
Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը ծրագրում է օգոստոսին հայտարարել գործունեության մեկնարկը։ Մինչև այդ հանդիպում են սփյուռքի ներդրողների հետ, ներկայացնում՝ ինչ են առաջարկում ու ինչ կարող են անել՝ իբրև միջնորդ Հայաստանում գրանցված ընկերությունների և դրսի ներդրողների համար՝ իբրև գործակցության օնլայն հարթակ։ Նյու Յորքից հետո հերթական հանդիպումը Լոս Անջելեսում էր։
Էդգար Էվոյան (ARFI ներդրումային ընկերության գործադիր տնօրեն) - Հարթակն ինքնին միջնորդ կամուրջ է ներդրողների և ընկերությունների միջև օնլայն ներդրումներ իրականացնլու համար։ Այո, մենք երաշխավոր ենք, որ ներդրողը նույնականացված է, մյուս կողմից՝ երաշխավորում ենք, որ ընկերությունները խարդախ նպատակներ չեն հետապնդում: Մենք իհարկե չենք երաշխավորում բիզես ռիսկեր, այսինքն՝ եթե ինչ-ինչ պատճառով բիզնեսն էնպես չեղավ, ինչպես որ կանխատեսվում էր: Դա բիզնես ռիսկն է, և ներդրողը պատրաստ է, և մենք ամեն ինչ անում ենք, որ ներդրողին հասանելի դարձնենք էն ռիսկերը, որոնք կան բիզնեսում, ինչը շատ նորմալ է:
Ներդրումային հարթակը թեև նախատեսում է հիմնականում ներգրավել սփյուռքի գործարարներին, սակայն ոչ հայերը նույնպես կարող են հարթակի միջոցով ներդրումներ կատարել Հայաստանում։
Էդգար Էվոյան - Ամեն ինչ անում ենք, որ նվիրատվության նման չդիտվի: Այս ամեն ինչը և միայն շահութաբեր բիզնեսներին ենք թողնում հարթակում ներկայանան, չնայած կա էմոցիոնալ գործոնը, որ այն հայկական ընկերություն է, և հայկական ընկերությանը նպաստելով՝ նպաստում ես հայաստանի զարգացմանը։
ԱՌՖԻ ընկերության ներկայացուցիչները Լոս Անջելեսում իրենց հանդիպումների ընթացքում ներկայացրին հայաստանյան ստարտափներին և փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցելու՝ իրենց ծրագիրն ու ամերիկահայ գործարարներին առաջարկեցին վստահել ու միանալ իրենց։
Թոմիկ Ալեքսանյան (Իրանահայ միության գործադիր նախագահ) - Շատ ուրախ ենք, տեսնում ենք նման ձեռնարկություններ, որտեղ սփյուռքի երիտասարդները կարողանան իմանալ՝ Հայաստանում ինչպես կարող են օգտակար լինել, միևնույն ժամանակ ասում են ՝ եկեք Հայաստան, բացի ներդրում անելուց՝ դուք էլ շահույթը ստացեք։
Ռազմիկ Բլիկյան (գործարար) - Ոչ թե խոսելով, այլ գործերով պետք է աջակցենք մեր երկրի զարգացմանը։ Եվ մեր ներուժը, որ ավելի հայրենասեր է, պատրաստակամ՝ Հայաստանին օգնելու, աջակցելու, պետք է ինֆորմացված լինի։
Ներդրումային հարթակի միջոցով սփյուռքում ներդրող գտնելու հույսով ԱՌՖԻ է դիմել երկու հարյուր վաթսուն հայաստանյան ընկերություն։ Ընտրվել է միայն տասը։ Հայաստանյան ընկերություններում ներդրում կատարելու համար արդեն գրանցված է չորս հարյուր ընկերություն։ Մինչ հարթակի գործունեության մեկնարկը տալը ԱՌՖի-ի հիմնադիրները կհանդիպեն նաև Ֆրանսիայի և Ռուսաստանի հայ գործարարների հետ:
Հեղինակ՝ Լիլիթ Սեդրակյան