Պետական պահպանության ծառայությունը կատարում է իր առջև դրված խնդիրները կառույցի կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ 2023 թվականը շրջադարձային տարի է Պետական պահպանության ծառայության համար, որովհետև այն դարձել է վարչապետի ուղիղ ենթակայության ներքո գտնվող մարմին: Վարչապետը նշել է, որ առաջիկայում նախատեսում են կառույցի ֆիզիկական ենթակառուցվածքների, սպառազինության, տեխնիկական միջոցների բարելավում, առաջին հերթին օպերատիվ և վերլուծական կարողությունների ուժեղացում: Չգործել այնտեղ, որտեղ պետք չէ, և գործել այնտեղ, որտեղ պետք է, ըստ վարչապետի` ծառայությունը հենց այս սկզբունքով պետք է առաջնորդվի:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Սա, իհարկե, նուրբ եզր է, և առաջին հերթին պահանջում է ինտելեկտուալ մոտեցում: Հույս ունենք, որ ծառայության այս շրջանի բարեփոխումները կբերեն ընդհանուր և՛ որակի, և՛ աշխատողների սոցիալական երաշխիքների մեծացման:
Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը վստահեցրել է, որ ծառայությունը կշարունակի արժանապատվորեն իրականացնել իր առջև դրված խնդիրները:
Փաշինյանն էլ նշել է՝ առաջիկայում մեկնարկելու է կամավոր ատեստավորման գործընթացը, որի առանցքային նպատակն աշխատավարձերի առնվազն կրկնապատկումն է, որն ավելի լավ որակ է ենթադրում:
Նիկոլ Փաշինյան - Ուզում եմ ընդգծել, որ ծառայության աշխատանքի որակն էական է նաև Հայաստանի միջազգային իմիջի առումով, որովհետև Պետական պահպանության ծառայությունն է ընդունում և ուղեկցում օտարերկրյա հյուրերին: Սա մի նրբություն է, որ գուցե հաճախ չենք նկատում, բայց չափազանց կարևոր է: Այսինքն, ըստ էության, օտարերկրյա հյուրերը երկրի հետ առնչվում են ՊՊԾ աշխատակիցների միջոցով: Մենք էլ օտարերկրյա այցերի ընթացքում շատ հաճախ այդ օտարերկրյա համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների հետ շփումներից որոշակի պատկերացում ենք կազմում այդ երկրի իրերի դրության մասին:
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ծառայությունում կանանց ներգրավման մասին:
Նիկոլ Փաշինյան - Ուզում եմ ընդգծել, որ սա ոմանք մեկնաբանում են միայն այլևայլ աշխարհայացքային տեսանկյուններով, բայց մեր ընկալումն այդպիսին չէ: Այսօր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, այսինքն՝ ես սա ոչ դրական, ոչ էլ բացասական ենթատեքստով եմ ասում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունը կանայք են, սա նշանակում է, որ, պատկերացրեք, մենք բավարար չափով բնակչության մեծամասնությանը չներգրավենք երկրի տնտեսական, պետական, քաղաքական գործերում: Սա նշանակում է, որ մենք մեր երկրի ոչ ամբողջ ներուժն ենք օգտագործում պետության զարգացման համար, ինչն ուղղակի անտրամաբանական է և ոչ արդյունավետ:
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցների Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է Վարչապետի հուշամեդալով և խրախուսել Վարչապետի շնորհակալագրով ու արժեքավոր նվերներով:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան