Ս․թ․ հունիսի 30-ին Ղազախստանի խորհրդարանում կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Սենատի նախագահի տեղակալ Ժակիպ Ասանովի հետ։ Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության աշխուժացման և օրենսդրական աջակցության պահանջված լինելն՝ ի շահ հայ-ղազախստանյան միջպետական հարաբերությունների հետագա զարգացման ապահովմանը։ Քննարկվել է փոխգործակցությունը մասնագիտացված միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաև դիտարկվել, այդ թվում՝ «Հայաստան-Ղազախստան» միջխորհրդարանական բարեկամական խմբի ձևաչափում, երկկողմ հանդիպումների ժամանակացույցը։
Վերին պալատի նախագահի տեղակալ Ժ․Ասանովը տեղեկացրել է նախորդ տարի ՂՀ-ում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում երկրի Մայր օրենքում նախատեսած փոփոխությունների լույսի ներքո Ղազախստանի Խորհրդարանի գործունեության մասին:
ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ Բաքվի ագրեսիվ գործողությունների հետևանքով առաջացած իրավիճակը։
Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կանխման հրամայականը, ինչի մասին են վկայում միջազգային հանրության, այդ թվում՝ վերջինիս խորհրդարանական բաղադրիչի դատապարտող արձագանքն ու հասցեական կոչերը: