ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի Մաշտոցի (Շինարարների 10/2)և Արաբկիրի (Մամիկոնյանց 1) անձնագրային ծառայություններում քաղաքացիների սպասարկումը հուլիսի 3-ից իրականացվելու է էլեկտրոնային հերթագրմամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:
Առցանց հերթագրման հարթակը https://migration.e-gov.am/ -ն է: Հարթակն այսօրվանից հնարավորություն է տալիս հերթագրվել: Էլեկտրոնային հերթագրում է գործում նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի անձնագրային ծառայությունում (Ահարոնյան 3):
Տարածքային անձնագրային ծառայությունում մատուցվում են հետևյալ ծառայությունները՝
-
անձնագրավորում.
-
նույնականացման քարտի ձևակերպում/փոխանակում.
-
հաշվառում.
-
հանրային ծառայությունների համարանիշի ձեռբերում.
-
տեղեկանքների տրամադրում և այլն:
Նշենք, որ հաշվառման հասցեի տարածքային անձնագրային ծառայություն պարտադիր հիմունքներով անհրաժեշտ է մոտենալ միայն անչափահասի առաջին անձնագրավորման և հաշվառման հասցեի փոփոխության դեպքում։
Մնացած անձնագրային ծառայությունները հավասարապես մատուցվում են բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում՝ անկախ քաղաքացու հաշվառման հասցեից։
2022 թ. տարեվերջից էլեկտրոնային հերթագրում է գործում ՄՔԾ վարչական գրասենյակում, առաջիկայում էլեկտրոնային հերթագրման կարգն աստիճանաբար կներդրվի նաև Երևանի մյուս անձնագրային ծառայություններում, այնուհետև նաև մարզերում՝ ծանրաբեռնվածությունից ելնելով։
Էլեկտրոնային հերթագրման հարթակը ուղղված է նպաստելու հերթերի կանոնակարգմանը, քաղաքացու հարմարավետությանը և աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։