Ես ինձ ամեն ինչում եմ մեղավոր համարում, բայց ես մի պրոբլեմ ունեմ: 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի հարցին, ապա պարզաբանեց. «Այ, երբ որ սկսում եմ ձևակերպել ինքս իմ մեղադրական եզրակացությունը, սկսում եմ, ձևակերպում եմ, ձևակերպում եմ, ձևակերպում եմ, մեկ էլ ինչ-որ մի տեղ մտնում եմ փակուղի»:
Նիկոլ Փաշինյանը նաև խոստովանեց, որ ակնկալում է, որ ընդդիմությունն էլ իրեն կօգնի այս հարցում։
«Գալիս, ինձ ասում են՝ Կովսականը տվիր, հետո ասում են՝ պատերազմը չկանգնեցրիր, հետո բացում ենք, տեսնում, որ Կովսական չէ, այլ Զանգելան (ես ելույթում անդրադարձա, որ հեռուստաէկրանին այն դարձել է Կովսական, բանակցային գործընթացում մնացել է Զանգելան), որը պիտի վերադարձվեր, այդ թվում՝ Կազանի փաթեթում, բայց որի վերադարձը, Սերժ Սարգսյանի վկայությամբ, բավարար չի եղել այս խնդիրը լուծելու համար։
Ես դրա համար ասում եմ՝ հարգելի՛ գործընկերներ, ձեր պրոբլեմն այն է, որ մի նախադասության մեջ ինձ մեղադրում եք, որ Կովսականը հանձնել եմ, մյուս նախադասության մեջ մեղադրում եք, որ Զանգելանը չեմ հանձնել։ Ես ինձ մեղավոր եմ ճանաչում ու զգում, բայց ես մեղադրական տեքստը, որ սկսում եմ գրել, գալիս ու «տուպիկի» առաջ եմ կանգնում»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նաև հիշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամենամեծ աղմուկը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չէր, այլ Շուշին հանձնելն էր: Ըստ վարչապետի՝ 1 ամիս շարունակ իրեն մեղադրել են, որ Շուշին հանձնել է, իսկ 1 ամիս հետո պարզվել է՝ ուրիշ բանի համար է մեղավոր, որ Շուշին չի համաձայնել փաստացի հանձնել։
«Սա քաղաքական ձև չէ, ես լուրջ եմ ասում, ամենայն լրջությամբ»,- ասաց նա, ապա շարունակեց. «2018-ից ես՝ հլը վարչապետի կաբինետ չմտած, ճանապարհին եմ, արդեն բոլորն ասում են՝ հողերը տալիս է, հողերը տալիս է: Ո՞վ, ի՞նչ հող, ես ընդհանրապես տեղյակ չեմ, հլը մատով չեմ կպել բանակցային գործընթացին։ Հլա գնացեք սոցիալական ցանցերը բացեք, մամուլը բացեք: Հետո էլ ասում են՝ հողերը չտվեց, հետո էլ ասում են՝ սա ոչմիթիզական էր, ինչ էր, էս էր, էն էր»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նաև հայտարարեց, թե իր մտքով անցել է, որ իշխանությունն իրեն զիջեցին, որովհետև գիտեին՝ ինչ է լինելու։
«Անցել է մտքովս, բայց դրա մասին ոչ մի տեղ ոչ մի անգամ բարձրաձայն չէի ասել,- խոստովանեց Փաշինյանը, ապա վստահեցրեց,- եթե խաղ կար, կարող եք վստահ լինել՝ ես այդ խաղի մասնակիցը չեմ»: