Պատերազմի ընթացքում իրոք եղել են բարձրաստիճան զինվորականներ, որոնք բանակի շարքերում խուճապ են տարածել: Այդ մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե 44-օրյա պատերազմում հաջողությունը կամ առնվազն տարածքները պահելը ֆանտաստիկայի ժանրի՞ց էր, թե՞ ոչ:
Փաշինյանը կարծում է, որ եթե չլինեին մի շարք դրվագներ, ապա կմտածեր, որ ֆանտաստիկայի ժանրից էր, բայց այսօր քրեական գործեր կան, որոնց դրվագներով հայտնի է՝ ինչ է տեղի ունեցել, բայց թե ինչու է տեղի ունեցել, հայտնի չէ:
«Մենք դեպք ունենք ռազմավարական բարձունքի գրավման Ադրբեջանի կողմից, մեր զորքերի կողմից՝ հետ գրավման, և մեր հրամանատարի կողմից հրաման՝ թողնե՛լ բարձունքը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ հայտնի չէ՝ ինչու է նման հրաման հնչել:
Վարչապետը մի քրեական գործ էլ մեջ բերեց, համաձայն որի՝ բարձրաստիճան սպան խուճապ է տարածել և հետ քաշվելու հանձնարարական տվել՝ ասելով. «Գնացե՛ք, ասե՛ք՝ հողերը տված ա, անիմաստ բան եք անում, քաշվե՛ք, գնացե՛ք ստեղից»:
Նիկոլ Փաշինյանը մի դեպք էլ մեջբերեց, որը կապված է անձամբ իր հետ, երբ վերջին պահին տեղեկացել է «շատ բարձրաստիճան զինվորականի» կողմից մի տարածք հանձնելու մասին, որը վարչապետն արգելել էր հանձնել:
«...Ընդ որում՝ հրամանն ապօրինի տվել է շատ բարձրաստիճան զինվորական (հրամանը - խմբ.), որը հարց է՝ ինչքանով ուներ այդ իրավասությունը՝ նման հրաման կամ խորհուրդ տալու՝ բունկերոմ գտնվելով»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ այն տարածքը, որի մասին խոսում է, մինչև այսօր հայկական վերահսկողության ներքո է:
«Ուրիշ բան, որ հետագա իրադարձություններն ապացուցեին, որ ես, զինվորական չլինելով, բան չեմ հասկանում: Մարդը զինվորական էր, առաջարկում էր էվակուացնել այդ շրջանից: Եվ հետագա իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ ինքը ճիշտ էր, ես սխալ հրահանգ տվեցի, և դրա արդյունքում եղավ այս, այս այս, այս... Բայց այդ տարածքը մինչև հիմա հայկական վերահսկողության ներքո է, ինչու են այդպիսի հրամաններ հնչում»,- ասաց նա: