ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական ուղերձ է հղել պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան առիթով: Դրանում ասված է.
«Խոր ցավով տեղեկացանք մեր ավագ ընկեր, գաղափարակից և գործընկեր Վիգեն Խաչատրյանի մահվան մասին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր 72-ամյա Վիգեն Խաչատրյանի կյանքը փրկել չի հաջողվել, նա հանկարծամահ է եղել։
Ազգային ժողովի և իմ անունից ցավակցում եմ Խաչատրյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին»։
Վիգեն Խաչատրյանը 1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի, 1995-1999թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր էր ընտրվել 2021 թվականին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցավակցական ուղերձում նշված է.
«Այսօր` 72 տարեկան հասակում, հանկարծամահ է եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը:
Կիսելով կորստյան ծանր վիշտը` մեր զորակցությունն ենք հայտնում Վիգեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին:
Հայաստանի անկախությունից ի վեր Վիգեն Խաչատրյանն իր անուրանալի դերն ուներ Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական կյանքում»:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սկզբունքային, բարի ու հոգատար, ամեն ինչով կիսվող, ուժեղ մարդ էր Վիգեն Խաչատրյանը։ Բառերը մեկիկ֊մեկիկ ընտրում ու նրբանկատորեն իրար կողքի էր դասավորում` որևէ մեկին չնեղացնելու, միաժամանակ նաև ճշմարտությունն ասելու համար։
Պարո՜ն Խաչատրյան, Աստված թող ողորմած լինի Ձեր նկատմամբ, թող Ձեր բոլոր բարի գործերը շարունակողներ գտնվեն։ Անշու՜շտ, դեռ շատ բան ունեիք տալու աշխարհին ու մեր երկրին...
Ցավալի կորուստ ունեցանք այսօր»:
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրել է.
«90-ականներին, երբ ՆԱ և ես Գերագույն Խորհրդի պատգամավորներ էինք, ես ՆՐԱՆ անվանում էի «Դանկոյի սիրտը» ...:
«Մեր վերջին հանդիպումը պատահական էր Ազգային ժողովի բակում։ Սովորության համաձայն` զրույցի բռնվեցինք։ Պրն. Խաչատրյանին միշտ կարելի էր լսել, մի նոր բան քաղել, հետևություններ անել։ Պետական գործիչ, որն ուներ քաղաքական լավ հիշողություն, ահռելի փորձառություն ու ուրույն ձեռագիր։
Լույսերի մեջ մնաս, հարգելի՛ Վիգեն Սուրենի»,- գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Նազելի Բաղդասարյանը։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ, որում նշված է.
«Խորը ցավով տեղեկացա Ազգային Ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան մասին:
Վիգեն Խաչատրյանը Հայաստանի անկախացումից ի վեր ակտիվորեն զբաղվել է հասարակական, քաղաքական գործունեությամբ: Նա քաղաքացու և քաղաքական գործչի օրինակելի կերպար էր՝ համարձակ բայց և զուսպ բնավորությամբ, անձնվեր հայրենասիրությամբ ու քաղաքական բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ:
Անուրանալի է Վիգեն Խաչատրյանի ավանդը հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր բնագավառներում:
Խորապես ցավակցում եմ Վիգեն Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»: