ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում 1999-ի Ստամբուլյան գագաթնաժողովի պահին շրջանառվել է տարածքների փոխանակման փաստաթուղթ, որը և՛ տարածքային ամբողջականության, և՛ ինքնորոշման իրավունքից անդին է: ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով, այսպես կոչված, «Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու» փաստաթղթին:
Ըստ վարչապետի՝ փաստաթուղթը մի կողմից որևէ առնչություն չուներ ինքնորոշման իրավունքի հետ, մյուս կողմից խախտում էր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, և դա տարածքների փոխանակման փաստաթուղթն է։
Վարչապետը նաև մեջբերեց փաստաթղթի 5 հոդվածները, որոնցից մեկի համաձայն՝ նշվում է նաև Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու մասին։
«Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո նախկին ԼՂ ինքնավար մարզի տարածքը, Շուշիի շրջանը և Լաչինի շրջանը (1988 թվականի եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) փոխանցվում են ՀՀ-ին: Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը՝ 1988-ի եղած սահմաններով (ինչպես նշված է Ա հավելվածում) փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը»,- ասաց նա:
Փաստաթղթի հոդվածներից մեկի համաձայն՝ Մեղրիի շրջանը «փոխանակումից հետո» պետք է բնակեցվի «հակամարտությունից տուժած» ադրբեջանցիներով:
Վարչապետը նաև նշեց, որ թեև փաստաթուղթը իրավական ուժ չի ստացել, բայց նման փաստաթղթերը ձևավորվում են կողմերի հետ քննարկումների, զրույցների և բանավեճերի արդյունքում, և նրանց ձևավորած բովանդակությունն այլևս ոչ մի տեղ չի կորչում։
«Այս փաստաթուղթն իրականում արձանագրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական հիմնարար պատկերացումների մահը։ Ճիշտ է՝ այն չի ընդունվել։ Ընդ որում՝ կա կարծիք, և ես կիսում եմ այդ կարծիքը, որ այս փաստաթղթի իրականացումը կանխել են Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանն իրենց կյանքով»,- նշեց Փաշինյանը, ապա հավելեց, որ բոլոր այդ իրադարձությունները տեղի են ունեցել 1999 թվականի օգոստոսից նոյեմբերին։