Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Խերսոնի շրջանի Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացմանը, նշել՝ կայանը պայթեցնելու համար Ռուսաստանին ներկայացվող մեղադրանքներն անհիմն են: «ՀԷԿ-ի ոչնչացումը Կիևի կանխամտածված դիվերսիան է. ուկրաինական կողմը նման քայլի է գնացել, քանի որ հակահարձակման ժամանակ հաջողության չի հասել»,- հավելել է Պեսկովը: Նա նշել է, թե կայանի պայթեցման նպատակներից մեկը Ղրիմը ջրից զրկելն է, սակայն, Պեսկովի խոսքով, տեղական ջրամբարների պաշարների հաշվին Ղրիմում ջրի խնդիր չի լինի:
Մինչ այդ, Խերսոնի շրջանում աղետալի վիճակ է: Կախովկայի ամբարտակի ավերումից հետո հիդրոէլեկտրակայանն ամբողջությամբ անցել է ջրի տակ: Ռուսական կողմի տվյալով՝ ՀԷԿ-ն արդեն վերանորոգման ենթակա չէ: Դնեպրի ջրերը հեղեղել են ցածրադիր շրջանները, այդ թվում՝ Նովայա Կախովկա բնակավայրը: Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը զգուշացրել է, որ մոտ 80 բնակավայրի հեղեղման վտանգ կա: Մի շարք շրջաններում կազմակերպվել է բնակչության տարհանում։
Ուկրաինական կողմը նաև հայտնում է, որ Կախովկայի ՀԷԿ-ում պայթյունի հետևանքով առնվազն 150 տոննա շարժիչի յուղ է լցվել Դնեպր, ևս ավելի քան 300 տոննայի արտահոսքի վտանգ կա:
Վոլոդիմիր Զելենսկին տեղի ունեցածի համար մեղադրել է ռուսական կողմին: Ուկրաինական զորքերի «Հարավ» խմբավորման օպերատիվ հրամանատարությունն էլ հայտարարել է, որ ռուսական ուժերը թիրախավորել են հիդրոէլեկտրակայանը՝ խափանելու ուկրաինական հակահարձակումը: Սակայն Ռուսաստանը, ուկրաինական կողմի պնդմամբ, իր այդ նպատակին չի հասնի: ՄԱԿ-ը, Եվրոպական խորհրդի նախագահը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ևս տեղի ունեցածի համար մեղադրել են Ռուսաստանին:
Կախովկայի հիդրոէլեկտրակայանի պայթյունի կապակցությամբ Ուկրաինան հրավիրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ: Կիևը նաև կդիմի Արդարադատության միջազգային դատարան՝ ընդդեմ Ռուսաստանի:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ԶԵՆՔ ՈՒՆԻ՝ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՍԿՍԵԼՈՒ. ԿՈՒԼԵԲԱ
Ուկրաինան բավականաչափ զենք ունի հակահարձակում սկսելու համար՝ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը։ Դմիտրո Կուլեբայի խոսքով՝ հակահարձակումը թույլ կտա Կիևին հաղթել, ինչն անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Նրա խոսքով՝ դաշինքին միանալը չի կանգնեցնի պատերազմը, սակայն կօգնի կանխել հնարավոր նոր հակամարտությունները: Դիվանագետը հրաժարվել է պատասխանել հարցին՝ սկսվե՞լ է արդյոք հակահարձակումը: «Կարևորը ոչ թե ժամկետներն են, այլ գործողության հետագա արդյունավետությունը»,- հավելել է պաշտոնյան։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 4-ի առավոտյան հակահարձակում են սկսել ռազմաճակատի հինգ հատվածներում՝ «Հարավային Դոնեցկի ուղղությամբ»։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է ՌԴ ՊՆ հայտարարությունը։
Մինչ այդ Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը տեղեկացրել է, որ Բախմուտում իրավիճակը կայուն ծանր է: Նրա խոսքով՝ վերջին օրերին դիրքերում էական փոփոխություններ չեն գրանցվել, ռուսական կողմն ունի որոշակի բարելավումներ:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԿԱԶՄԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 3,5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ադրբեջանի կառավարությունը լրացուցիչ միջոցներ կհատկացնի երկրի ռազմական ներուժի զարգացման համար՝ հայտարարել է հանրապետության ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։ Նրա խոսքով՝ 2023 թվականին պաշտպանական կարողությունների և ազգային անվտանգության ամրապնդմանը հավելյալ 650 միլիոն դոլար կուղղվի:
Այսպիսով՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն կկազմի ավելի քան 3,5 միլիարդ դոլար։ Այլ մանրամասներ Շարիֆովը չի հայտնել։
ՔԱԼԸՆԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Թուրքիայի նախագահը Իբրահիմ Քալընին նշանակել է Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարի պաշտոնում: Ռեջեփ Էրդողանի խոսնակի և խորհրդականի պաշտոնը Քալընը զբաղեցնում էր 2014 թվականից:
Ազգային հետախուզական կազմակերպության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանն էլ նշանակվել է երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում:
ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՔԱՆ 30 ՄԱՐԴ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտնել է, որ Հանրապետության հատուկ ծառայությունները պետական հեղաշրջում նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 30 անձի։
«Նրանք ծրագրում էին զանգվածային անկարգություններ և անհնազանդության ակցիաներ կազմակերպել՝ իշխանությունը զավթելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ իրավապահ մարմինների՝ հարցաքննության ընթացքում նրանք ընդունել են իրենց մեղքը: Հաղորդվում է, որ հեղաշրջման նախապատրաստման գործում ներգրավված անձանց ընդհանուր թիվը գերազանցում է հարյուրը: