ԻՐԱՆԻ ԱԳՆ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՉԻՆ
Ադրբեջանն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել Իրան այցերից: Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է՝ Բաքվի այդ որոշումը կապելով Իսրայելի նախագահի՝ Ադրբեջան կատարած այցի հետ:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Ադրբեջանի ժողովուրդը պետք է վախենա Իսրայելից, ոչ թե Իրանից։
«Մենք հավատարիմ ենք առանց վիզային ռեժիմի քաղաքականությանը և ադրբեջանցի եղբայրների և քույրերի համար գրկաբաց լինելուն», - ընդգծել է խոսնակը:
Իրանն Ադրբեջանի համար վիզային ռեժիմը չեղարկել է 2011թ.՝ նույնն ակնկալելով նաև Ադրբեջանից: Բաքուն, սակայն, պատասխան քայլ չի կատարել, ինչը Իրանում պարբերաբար դժգոհությունների պատճառ է դառնում:
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅՈՒՄ ԿՎԵՐԱԲԱՑՎԻ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ
Վաղը Սաուդյան Արաբիայում կվերաբացվի Իրանի դեսպանատունը: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ այս շաբաթ աշխատանքը կվերսկսեն նաև Ջիդդա քաղաքում գտնվող Իրանի Գլխավոր հյուպատոսարանն, նաև այդ երկրի մշտական ներկայացուցչությունը Իսլամական համագործակցության կազմակերպության կենտրոնական գրասենյակում։
Իրանի դիվանագիտական առաքելությունը կղեկավարի Ալիռեզա Էնայաթին, որը նախկինում եղել է Քուվեյթում Իրանի դեսպանը:
Սաուդյան Արաբիան և Իրանը Չինաստանի միջնորդությամբ մարտի 10-ին ստորագրել էին դիվանագիտական հարաբերությունների կարգավորման համաձայնագիր:
ԱԷՄԳ-Ն ՉԵԶՈՔ Է ԵՎ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ. ԳՐՈՍԻ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը սովոր է քննադատություններին՝ Վիեննայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին: Նա նշել է, որ կառույցը չեզոք է և անկողմնակալ։
Լրատվամիջոցները Գրոսսի հայտարարությունը կապում են երեկ Իսրայելի վարչապետի հնչեցրած քննադատական մեկնաբանության հետ: Բենյամին Նաթանյահուն մեղադրել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ հսկողության անարդյունավետության համար և ենթադրել, որ ՄԱԿ-ի դիտորդական մարմինը վտանգված է և կարող է դառնալ ոչ արդիական։
Քննադատությունը հետևել է անցյալ շաբաթ ԱԷՄԳ-ի այն հաղորդմանը, որ Իրանը բավարարող պատասխան է տվել ուրանի կասկածելի մասնիկների հայտնաբերման մեկ դեպքի առթիվ և նորից դիտարկման սարքավորում է տեղադրել։
ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԲԱՆԱԳՆԱՑԸ ԿԻԵՎՈՒՄ Է
Իտալացի եպիսկոպոսների առաջնորդ, կարդինալ Մաթեո Ձուպին երկօրյա այցով Կիևում է։ Նա Ուկրաինայի մայրաքաղաքում է որպես Հռոմի Ֆրանցիսկոս պապի բանագնաց։ Վատիկանի տարածած հայտարարության համաձայն՝ Մաթեո Ձուպիի այցի հիմնական նպատակն է հասկանալ Ուկրաինայի իշխանությունների տեսլականը արդար խաղաղության հասնելու հնարավոր ուղիների վերաբերյալ և աջակցել մարդասիրական ջանքերին, որոնք կօգնել թուլացնել լարվածությունը:
Լրատվամիջոցները գրում են, որ Ուկրիանա կատարած այցից հետո բանագնացը հետ կվերադառնա Վատիկան՝ Պապի հետ խորհրդակցելու համար։ Դրանից հետո նա որոշակի առաջարկով կուղևորվի Մոսկվա:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԹԲԻԼԻՍԻԻՑ ՈՉ ՀԵՌՈՒ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանի օդանավակայանի տարածքում նախատեսվում է նոր միջազգային օդանավակայան կառուցել: Ղարիբաշվիլիի խոսքով՝ դա հավակնոտ, բայց անհրաժեշտ որոշում է։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ դա Վրաստանին հնարավորություն կտա դառնալ նոր տարանցիկ և լոգիստիկ նոր հանգույց։ Ըստ նրա` օդանավակայանի կառուցման հարցը քննարկվում է արդեն մի քանի ամիս։
Թբիլիսիի ներկայիս միջազգային օդանավակայանը արդիականացվել է 2007 թվականին։ Այն շահագործում է թուրքական TAV Airports հոլդինգը։ Օդանավակայանի թողունակությունը կազմում է տարեկան մոտ 3,5 մլն ուղևոր. նախորդ տարի այն արդեն սպասարկել է 3 մլն ուղևորի։