Գնահատման և թեստավորման կենտրոնը ապրիլի 15-ից մայիսի 10-ը կանցկացնի բուհերի ընդունելության քննությունների երկրորդ փուլի հայտագրման գործընթացը: Երկրորդը, որովհետև այս տարի առաջին անգամ քննություն է անցկացվել նաև հունվար-փետրվարին: Դիմում-հայտերը կընդունվեն առցանց եղանակով:
Կարո Նասիբյան (Գնահատման և թեստավորման կետրոնի տնօրենի տեղակալ) - Այն դիմորդները, ովքեր մասնակցել են ընդունելության քննությունների առաջին փուլին, բնականաբար ունեն ԳԹԿ անձնական համար, երկրորդ փուլի հայտագրման ժամանակ բացառապես պետք է օգտվեն ԳԹԿ առաջին փուլի անձնական համարից:
Եթե առաջին փուլում դիմորդները կարող էին նշել միայն իրենց ընտրած քննական առարկաները, երկրորդ փուլում արդեն պետք է նշել նաև բուհն ու մասնագիտությունը: Ձմռանը քննություն հանձնած դիմորդներն ազատ են ամռանը նույնպես փորձելու իրենց ուժերը, եթե առաջին փուլում ստացած գնահատականից գոհ չեն կամ էլ որոշել են այլ մասնագիտություն սովորել, ու կարիք կա նոր քննությունների: Ամեն դեպքում, եթե դիմորդը մասնակցի ու համեմատաբար ցածր արդյունք ունենա, կպահպանվի բարձր միավորը:
Կարո Նասիբյան - Իրենք, իրենց անձնական համարը օգտագործելով, նշում են բուհը, նշում են մասնագիտությունը, և հնարավորություն կա այնտեղ, որ հրաժարվում են նոր միասնական քննություններից, ցանկանում են օգտագործել հունվար-փետրվարին ստացած գնահատականները և դրանցով արդեն մասնակցելու են մրցույթին:
Բուհերին հատկացված պետական պատվերով տեղերը 2 146-ն են: Նախորդ տարվա համեմատ ավելացել են 203-ով /1 943 էր/: Իսկ վճարովի տեղերն, ընդհակառակը, կրճատվել են: Այս տարի 16 300 է՝ նախորդ տարվա 22 300-ի փոխարեն. տարբերութունը՝ 6 հազար:
Լուսինե Գրիգորյան (ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ) - Անվճար տեղերի համամասնությունը աճել է հօգուտ ՍՏԵՄ մասնագիտությունների, էլի այս տարի ավելացել են ՍՏԵՄ մասնագիտություններին հատկացված տեղերը: Միաժամանակ հաշվի առնելով նախորդ տարվա ընդունելության արդյունքները` վերլուծությունների հիման վրա կրճատվել են վճարովի ուսուցման տեղերը` մոտ 6 հազարով՝ հաշվի առնելով նախորդ տարվա ընդունելության արդյունքը, երբ մոտ 10 հազար տեղ մնացել էր թափուր:
Լուսինե Գրիգորյանը մանրամասնում է՝ հատկապես ոչ պետական բուհերը հայտագրում էին իրենց լիցենզիայով տրված բոլոր տեղերը ու չհամալրվելու դեպքում ընդհանուր առմամբ բացասական տպավորություն էր առաջանում: Վստահեցնում է՝ վճարովի տեղերի կրճատումը դիմորդների համար որևէ խնդիր չի ստեղծի:
Լուսինե Գրիգորյան - Ինչպես նախորդ տարիների փորձն է ցույց տալիս, դիմորդների թիվը երբևէ չի գերազանցել հատկացված տեղերի թիվը: Տեսականորեն, եթե բոլոր դիմորդներն էլ ստանան դրական գնահատական, նրանք կարող են հավակնել բուհ ընդունվելուն:
Ի դեպ, տևական ընդմիջումից հետո այս տարի կան տարկետման իրավունք տվող մասնագիտություններ՝ ՍՏԵՄ ուղղություններով՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական: Մասնավորապես, բակալավրի համար կառավարությունը հաստատել է 10 մասնագիտություն՝ ԵՊՀ-ում և Պոլիտենիկական համալսարանում:
ԵՊՀ
- Ֆիզիկա,
- Միջուկային ռեակտորների ֆիզիկա,
- Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ,
- Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա,
- Ռադիոֆիզիկա:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
- Ատոմային էներգետիկա,
- Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում,
- Մեքենաշինություն և նյութերի մշակում,
- Ավիացիոն և հրթիռային տեխնիկա,
- Թռչող ապարատների ավիացիոն
սարքավորումներ:
Սրանք այն մասնագիտություններն են, որոնք համարվել են պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող ու կարող են ամեն տարի փոփոխվել:
Տարկետման իրավունք ունեցող մասնագիտություններ կան նաև մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Ընդհանուր առմամբ՝ հինգ բուհում:
Հեղինակ` Աննա Զախարյան