Կառավարությունը «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններ է նախաձեռնել: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկով՝ Արդարադատության նախարարությունը նախագիծը դրել է շրջանառության մեջ: Կառույցից պնդում են՝ այս փոփոխությունները գալու են լուծելու հանձնաժողովի՝ գործնականում արձանագրած խնդիրները՝ ապահովելով կուսակցությունների գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
Եփրեմ Կարապետյան (ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ) - էս փուլում, երբ որ մենք կարողանանք էդ խնդիրները լուծել, արդեն իսկ էական քայլ կկատարվի, որ կառուցակարգերը ամբողջանան:
Կուսակցություններին վերաբերող սահմանադրական օրենքն ամբողջությամբ վերանայվեց 2020-ին, ու քաղաքական այդ միավորների ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ հսկողությունը փոխանցվեց ԿԿՀ-ին: Կարապետյանը բացատրում է՝ տարեկան աուդիտի իրականացման հարցում խնդիրներ են առաջացել, քննարկումների արդյունքում որոշվել է՝ նոր ժամկետներ կնախատեսվեն, որ պետբյուջեից ֆինանսավորվող ու այդ ցանկում չընդգրկված կուսակցությունների համար նույն ընթացքում աուդիտ չիրականացվի, այդպիսով հանձնաժողովը հասցնի մրցույթ հայտարարել, ճիշտ բաշխել ռեսուրսներն ու ծանրաբեռնված չաշխատել:
Եփրեմ Կարապետյան - Ներկայումս նախատեսում են` այն կուսակցությունները, որոնք ստանում են պետական ֆինանսավորում, իրենց աուդիտի իրականացման ժամանակահատվածն ավելի առաջ տանել, այսպես ասած՝ երկու փուլով իրականացնել աուդիտը էս կուսակցություններին՝ ըստ իրենց ստացվող ֆինանսավորման:
Պետական բյուջեից ֆինանսավորվող կուսակցությունների համար տարեկան հաշվետվության ներկայացման վերջնաժամկետն էլ առաջ կբերվի՝ մայիսի վերջի փոխարեն մարտի սկիզբ՝ հստակեցրեց Կարապետյանը: Որպես մյուս կարևոր փոփոխություն առանձնացրեց նվիրատվություններ ստանալու կարգը, ասաց՝ եղել են դեպքեր, երբ, օրինակ՝ միանվագ նվիրատվության դեպքում նշված է եղել 2 տարբեր անձանց անուն, կամ չեն ներկայացվել ամբողջական տվյալներ: Անանուն նվիրատվությունների առաջացրած խնդիրներից խուսափելու և աշխատանքը թափանցիկ դարձնելու համար, ըստ պաշտոնյայի, որոշվել է ընդլայնել պահանջվող փաստաթղթերի ցանկը, նույնականացումն ու հսկողությունը դարձնել արդյունավետ:
Եփրեմ Կարապետյան - Երբ որ անձն արդեն նվիրատվություն անի կուսակցությանը, ինքը նշի ոչ միայն անուն, ազգանուն, այլև անձնագրային տվյալներ ու ՀԾՀ համարանիշ, որ ցանկացած դեպքում նույնականացումից չխուսափենք ու կարողանանք էդ միջոցներն այսպես ասած վերահսկողության մեխանիզմներ սահմանել:
Փոխարենը որոշ շրջանակի համար կպարզեցվի հայտարարագիր ներկայացնելու պահանջը: Այսինքն՝ կարգավորումներն այնպես կտրվեն, որ նույն մարդը մի քանի անգամ հայտարարագիր չներկայացնի, խոսքը մասնավորապես պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներին է վերաբերում, բացատրում է Կարապետյանը:
Եփրեմ Կարապետյան (ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ) - Հնարավոր են իրավիճակներ, երբ անձը, լինելով կուսակցության անդամ, նաև կարող է լինել պաշտոնատար անձի ընտանիքի անդամ, և «Հանրային ծառայության մասին» օրենքով կա պարտավորություն, որ նշված շրջանակի պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները ներկայացնեն հայտարարագիր, ու նման դեպքում ոնց որ նույն գործառույթը անձը կկատարի մի քանի անգամ:
e-draft-ում նախագծի քննարկումն արդեն ավարտվել է, ստացել 5 կողմ, 4 դեմ ձայն: Հիմա կարծիքների հավաքագրման փուլն է, որից հետո փոփոխությունների փաթեթը կներառվի գործադիրի օրակարգում, այնտեղից էլ կգնա օրենսդիր:
Հեղինակ՝ Անի Օհանյան