Դիլիջանի Կալինինի փողոցի 97 շենքի բակը վերածվել է շինհրապարակի; Չնախատեսված շինաշխատանքներն սկսվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիլիջանյան այցից հետո: Այդ օրը քաղաքում հերթական շաբաթօրյակն էր, որի ակտիվ մասնակիցները այս անգամ Դիլիջանում ժամանակավորապես բնակվող օտարերկրացիներն էին:
Դավիթ Սարգսյան (Դիլիջանի համայնքապետ) - Տեսնելով բնակիչների աշխատանքը՝ միացավ շաբաթօրյակին, որից հետո վարչապետի կողմից եղավ հանձնարարական՝ բարեկարգել շենքի բակը, և իր անմիջական աջակցությամբ բարեկարգվում ա շենքի բակը: Կազմակերպչական աշխատանքները կատարում, հսկողական աշխատանքներին հետևում է համայնքապետարանը: Շուտով ամբողջությամբ տեսքը փոխված է լինելու, նորովի տեսք կստանա:
Շինարարներն էլ հավաստում են, որ նախատեսված ժամկետից շուտ շենքի բնակիչները կունենան հանգստի գոտի թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար:
Դավիթ Ավետիսյան (աշխղեկ) - Բակում կատարվել են հողային աշխատանքներ, բետոնային աշխատանքներ, տեղադրվում են եզրաքարեր, հետագայում կատարվելու են սալիկապատում, ասֆալտապատում։ Տվյալ տարածքում լինելու ա խաղահրապարակ երեխաների համար, փոքրիկ պուրակ՝ նստարաններով, կանաչ, գեղեցիկ ծաղիկներով, ծառերով, եղևնիով:
Բնակիչների աչքի առջև վերափոխվում է իրենց հին բակը, ամեն օր ուշի ուշով հետևում են, հետաքրքրվում, նաև՝ շինարարներին առաջարկում իրենց օգնությունը: Տիկին Մարիետան այստեղ է ապրում արդեն կես դար, ասում է՝ առաջին անգամ կունենան բարեկարգ ու գրավիչ բակ:
Մարիետա Նավասարդյան (Դիլիջանի Կալինինի 97 շենքի բնակիչ) - Ասում եմ՝ ինչ պետք ա լինում, ասեք, ես կօգնեմ: Իրանց հետ էլ օգնել եմ, ջուր եմ կրել, տվել իրանց, կոֆե եմ հյուրասիրել; Լավ աշխատում են, առավոտից մինչև ժամը 8-ը, 9-ը, աշխատում են:
Սա գարնանային լավ նվեր և հաճելի անակնկալ են համարում, իսկ ավարտուն տեսքին հաշված օրեր են մնացել; Համայնքապետի խոսքով, շղթայական ռեակցիայի օրինակով այն հետագայում կտարածվի նաև մյուս շենքերի բակերի վրա՝ արդեն համայնքային միջոցներով: