Երևանում բազմաբնակարանների երկու կառուցապատող ընկերություններ՝ հարկայինի ուշադրության կենտրոնում: ՊԵԿ աշխատակիցները պարզել են, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններում կառուցվող երկու բազմաբնակարան շենքերի կառուցապատողները առուվաճառքի պայմանագրերում բնակարանների արժեքները միտումնավոր ցածր են նշում: ՊԵԿ աշխատակիցները, ներկայանալով որպես գնորդ, դիմել են Գարեգին Հովսեփյան 38/5 հասցեում կառուցվող շենքում բնակարան ձեռք բերելու համար: Կառուցապատողը, տեղեկացնելով, որ 110 քմ մակերեսով բնակարանի 1 քառակուսի մետրը 3272 դոլար է, գնորդից պահանջել է 1818 դոլարը վճարել կանխիկ, իսկ մնացած 1454 դոլարին համարժեք դրամը՝ փոխանցել ընկերության բանկային հաշվեհամարին: Այսինքն` այս մեկ բնակարանի համար, որի արժեքը 360 հազար դոլար է, 200 հազար դոլարը գնորդը կանխիկ պետք է վճարեր, իսկ 160 հազար դոլարին համարժեք դրամը՝ փոխանցումով:
Երկրորդ կառուցապատողի մասին. Բուզանդի 45/2 հասցեում իրացվող 104.8 քմ մակերեսով բնակարանի 1 քմ-ի համար վաճառողը գնորդից պահանջել է 1 միլիոն 880 հազար դրամ՝ կրկին նույն սխեմայով՝ 1431 դոլարը կանխիկ, 1.321.794 դրամը՝ փոխանցումով: Այս դեպքում կառուցապատողը 500 հազար դոլար ընդհանուր արժեքով գործարքից 150 հազար դոլարը կստանար առձեռն:
ՊԵԿ-ում հաշվարկել են՝ առաջին դեպքով մեկ գործարքի ստվերը կազմել է 55.5 տոկոս, 2-րդ դեպքում՝ 29.7 տոկոս:
Կոմիտեի «ծպտյալ» գնորդները կառուցապատողներից յուրաքանչյուրին 50 հազարական դոլար կանխավճար են տվել, ինչից հետո, ընկերություններից մեկի տնօրենը, իսկ մյուսի հիմնադիրը և վաճառքի գծով ղեկավարը առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու հիմնավոր կասկածով ձերբակալվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժնի աշխատակիցների կողմից:
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժնի գլխավոր օպերլիազոր - Կառուցապատող տնտեսվարող սուբյեկտներին տեղեկացնում ենք, որ գնման իրավունքով օտարված անշարժ գույքը, որոնք չեն ստացել պետական գրանցում, ինչպես նաև այդ գործարքների վերաբերյալ հարկային մարմիններ չեն ներկայացվել հաշվարկ-հաշվետվություններ, խոչընդոտ չեն հանդիսանում մեր կողմից այդ ոլորտում կատարվող իրավախախտումները հայտնաբերելու և արձանագրելու համար, քանի որ հարկերը չվճարելու նախապատրաստությունը ևս համարվում է հանցագործություն:
ՊԵԿ-ից բնակարան ձեռք բերող քաղաքացիներին զգուշացնում-հորդորում են՝ նման գործարքներով վտանգի են ենթարկում իրենց սեփականության իրավունքը, հայտնաբերելու դեպքում կոմիտեն կիրառելու է խիստ պատասխանատվության միջոցներ:
Վարազդատ Աբրահամյան (ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժնի պետ) - Եթե արդեն իսկ մեր քաղաքացիները կնքել են նման գործարքներ, ապա վերջիններին հորդորում ենք կնքված պայմանագրերը համապատասխանեցնել օրենքին, պահանջել կառուցապատողներից ներկայացնել ճշտված հաշվարկներ` դրանցում ներառելով օտարվող բնակարանների իրական արժեքները, այլապես «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` երկու և ավելի մասերի մասնատված գործարքները համարվում են անվավեր և առոչինչ գործարքներ:
Քննչական կոմիտեից էլ տեղեկացանք, որ խոշոր չափի հարկերից խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Գարեգին Հովսեփյան հասցեում կառուցապատում իրականացնող ընկերությունը պետությանը պատճառված 160 մլն դրամ վնասը վերականգնել է, ինչից հետո ընկերության տնօրենը ազատ է արձակվել: Մյուս ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի հարկերից խուսափելու համար, որպես խափանման միջոց է ընտրվել գրավը: