Շաբաթ օրն արտակարգ ռեժիմով աշխատած մետրոպոլիտենում բնականոն երթևեկությունը երեկվանից վերականգնվել է: Քարաթափման հետևանքները վերացնելու համար մոտ 70 մասնագետ ամբողջ գիշեր աշխատել է: Իսկ քարաթափման պատճառը «Երևանի ալրաղաց» ընկերության տարածքում քանդման աշխատանքներն են եղել. պահուստարանի բեկորներն ընկել են մետրոպոլիտենի երկաթգծերի վրա:
Զորավար Անդրանիկից դեպի Կայարան գնացող գնացքի մեքենավարը նկատել է, որ քարաթափում է եղել ձախ կողմից, շտապ տեղեկացրել է կարգավարին, կարգավարը փորձել է բոլոր միջոցներով տեղեկացնել Սասունցի Դավթից դեպի Զորավար Անդրանիկ եկող գնացքի մեքենավարին, որ շտապ կանգնեցնի գնացքը:
Բարեբախտաբար, գնացք չի անցել նաև փլուզման պահին: Դրանից հետո երթևեկությունը դարձել է միակողմանի:
Բաբկեն Սեդրակյան («Երևանի՝ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրեն) - Ժամը 20.30-ից սկսած մինչև առավոտյան 4-ի կողմերը կատարվել են մաքրման աշխատանքներ, դրանից հետո կատարվել է ռելսային գծերի փոխարինում, փայտակոճերի փոխարինում, վնասված կաբելների վերականգնում: Ամեն ինչ արվել է, ապրիլի 2-ի առավոտյան ժամը 7:00-ից մետրոն բնականոն հունով սկսել է աշխատանքը:
Ալրաղացի տարածքում նկարահանումներ անել թույլ չտվեցին: Ասացին՝ մասնավոր տարածք է: Հարևանությամբ աշխատողներն էլ խոսել չցանկացան, բայց տեսախցիկից այն կողմ պատմեցին, որ ամեն անգամ, երբ այդ տարածքում քանդման աշխատանքներ են իրականացվում, տպավորություն է, թե չի պահպանվում ոչ մի նորմ, փոշու կուրացնող ամպ է բարձրանում: «Ալրաղաց»-ը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին: Նրանն է բաժնետոմսերի մոտ 25 տոկոսը: «Երևանի Ալրաղաց» ընկերության տնօրենությունից ավելի ուշ փոխանցեցին, որ տեղի ունեցածը փլուզում է՝ չնայած տարածքում քանդման աշխատանքներ իրականացվում են նախորդ տարվանից:
«Ալրաղաց» ԲԲԸ . « «Ալրաղաց» ԲԲԸ-ն մասնագիտական կառույցին պատվիրել է քանդել վթարային բունկերները, որոնք 1930-ականների շինություններ են: Պայթեցում չի իրականացվել: Ապրիլի 1-ին տեղի է ունեցել պատահական փլուզում: Մասնագիտական կառույցի հետ աշխատում են բոլոր պետական կառույցները»:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քարաթափմանն անդրադարձավ քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ դեպքը որակելով արտառոց և շատ վտանգավոր: Ընդգծեց՝ աշխատանքի նկատմամբ իմիջիայլոց վերաբերմունքին արձագանքը պետք է լինի շատ խիստ:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Ես ուզում եմ խնդրել մեր գործընկերներին, հասարական կարգի պահպանման ԳԱՍԿ-ին, համապատասխան վարչական շրջանի ղեկավարին` ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին, ով որ մեղավոր է: Ես ուզում եմ, որ մենք չհանդուրժենք նմանատիպ վերաբերմունք, և կարծում եմ` սա առաջին հերթին մեր համաքաղաքացիների շահերից է բխում, և խնդրում եմ երկու շաբաթվա ընթացքում զեկուցել, թե ինչ է արվել:
Փլուզման հետևանքով վնասվել է նաև «Ալրաղաց»-ի մոտ գործող խաղալիքների պահեստը: Այստեղ նույնպես նկարահանում անել հնարավոր չեղավ: Առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս հոդվածով նախատեսվում է 3-6 տարի ժամկետով ազատազրկում:
Քննչական կոմիտե. «Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ «Ալրաղաց» ընկերության շահագործման ոչ պիտանի պահուստարանի քանդման աշխատանքներն իրականացվել են Ա/Ձ-ի կողմից, որը մինչև այդ «Ալրաղաց» ԲԲԸ-ի հետ կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա ևս իրականացրել է բազմաթիվ այլ պահուստարանների քանդում։ Վարույթի շրջանակում կատարվել են հարցաքննություններ, վերցվել են անհրաժեշտ փաստաթղթերը, նշանակվել է դատաշինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն»:
Քննչական կոմիտեն փորձելու է պարզել փլուզման հանգամանքները, քանդման աշխատանքների՝ անվտանգության և շինարարական նորմերին համապատասխանությունը, ինչպես նաև աշխատանքների թույլտվության և կատարման իրավապայմանագրային հարցերը։
Հեղինակ` Աննա Զախարյան