Հակակոռուպցիոն դատարանում սկսվեց Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և նրան փոխկապակցված 3 անձանց ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը: Դատարանը արգելեց լրագրողներին տեսանկարահանել դատական նիստը՝ պատասխանողների ներկայացուցիչների առարկության պատճառով: Դատարանը բավարարեց միջնորդությունը` չնայած դատախազությունը հակառակ կարծիքին էր: Բեգլարյանի պաշտպանական թիմը նաև հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել: Դատարանը այս գործով նախնական լսումների փուլում է: Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության Բեգլարյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ընդհանուր 16,8 մլրդ դրամի ապօրինի ծագման գույք և ոչ միայն:
Նելլի Տեր-Թորոսյան ՀՀ ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ - Մոտ 30-ից ավել անշարժ գույք, մի քանի իրավաբանական անձանցում մասնակցություն, հանձնված փոխառությունների չվերադարձված մասի պահանջի իրավունք և շուրջ 5 միլիարդ դրամի դրամական պահանջ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ապօրինի փոխանցվել է բարեխիղճ երրորդ անձանց, հնարավոր չէ նույնականացնել:
Այս հայցը ապօրինի գույքի բռնագանձման ամենախոշոր գործերից մեկն է: Դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը նշեց՝ ուսումնասիրությունը սկսվել է 1992 թվականից: Իրավասու մարմնի կարծիքով ապօրինի առաջին գույքը Գագիկ Բեգլարյանը հենց այդ թվականին է ձեռք բերել: Այս նիստին դատախազը միջնորդեց մոտ 8 ընկերությունների գործով ներգրավել՝ որպես 3-րդ անձ, դրանց բեգլարյանները փոխառություններ են տվել ու դեռ հետ չեն ստացել: Խոսքը մոտ 1 միլիարդ 800 միլիոն դրամի մասին է: Պատասխանող կողմը դեմ չէր միջնորդությանը, դատարանը որոշումը կհրապարակի առանձին դատական ակտով: Նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Բեգլարյանը, որը մեղադրյալ է նաև քրեական գործով, դատական նիստին չէր մասնակցում:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան