Միրգ-բանջարեղեն, հնդկաձավար, կարտոֆիլ, բրինձ, ձու, ձեթ, շաքարավազ և լվացքի փոշի գնելու համար արցախցիները ստանում են երրորդ փուլի կտրոնները: Կտրոնային համակարգը թույլ է տալիս համաչափ բաշխել առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնց սղության պատճառը 2022-ի դեկտեմբերի 12-ից սկած ադրբեջանական ապօրինի շրջափակումն է: Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի խոսքով՝ ուզում են ի սպառ բացառել ապրանքների՝ առանց կտրոնի վաճառքը:
Լևոն Սարգսյան (Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ) - Պետք է մեր վաճառողներն իմանան, որ ոչնչով չեն օգնում որևիցե մեկին, երբ որ առանց կտրոնի վաճառք են իրականացնում: Ընդհակառակը՝ պետության համար ելակետային տվյալներ չեն լինում, թե իրականում ինչքան է մինիմալ անհրաժեշտությունը մատակարարման, և խախտվում է մի շարք բանաձևային ելակետային տվյալներ հավաքագրելու գործընթացը: Դրա համար է այդ խիստ վերահսկողությունը:
Կտրոնների տրամադրման համար Ստեփանակերտում սպասարկման կետեր են բացվել, շրջաններում գործընթացը կմեկնարկի վաղը: Հերթերից խուսափելու համար սպասարկման կետեր են գործում նաև դպրոցններում:
Արամ Խաչատրյան (սպասարկման կետի պատասխանատու) - Քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տվյալներն առաջին փուլի ժամանակ մուտքագրվում էին համակագիչ, և դրա վրա բավականաչափ ժամանակ էր ծախսվում: Իսկ հիմա այդ տվյալները բոլորը կան արդեն համապաստախան ծրագրում, հիմա քաղաքացիներն իրենց անձը հաստատող փաստաթղթերը տրամադրում են մեզ, մենք համեմատում ենք ծրագրի տվյալների հետ և տրամադրում կտրոնները:
Գործընթացը հիմնականում հեշտ է կազմակերպվում՝ ասում են պատասխանատուները: Աշխատում են նախորդ երկու փուլի ծրագրով, ինչը բացառում է կրկնակի շահառու ճանաչվելու հնարավորությունը:
Արամ Խաչատրյան - Տվյալների բազան ընդհանուր մի բազա է: Եթե քաղաքացին ստանում է կտրոնը, համապատասխան ստացականը ծրագրում երևում է, և նույն քաղաքացու տվյալները՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները մուտքագրելով համակարգիչ՝ արդեն համապատասխան ծրագիրը մերժում է, և այնտեղ ցույց է տալիս, որ քաղաքացին արդեն ստացել է կտրոնը:
Առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներն Արցախ են տեղափոխվում ռուս խաղաղապահների միջոցով: Մրցութում հաղթած մատակարարները դրանք հասցնում են վաճառակետեր, որոնք պարտավորվում են վաճառել Արցախի կառավարության հայտարարած գներով՝ բացառապես կտրոնով:
Լևոն Սարգսյան - Քանակը եթե բավարար է, բնական է, որ խնդիրներն ավելի են քչանում, բայց լինում են դեպքեր, երբ պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնել, և յուրաքանչյուր մատակարար այսուհետև իր իսկ պահեստից կկարողանա մատակարարել խանութներին այնքան ապրանք, ինչքան կտրոն բերի հանձնի:
Ապրանքատեսակների բացակայության պատճառով ոչ բոլորն քաղաքացիներն են կարողացել օգտագործել երկրորդ փուլի կտրոնները: Այդ պատճառով Արցախի կառավարությունը երկրորդ փուլի կտրոնների ժամկետը երկարաձգել է մինչև ապրիլի 10-ը: