ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ապրիլի 4-ին ընդունել է Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրին և խմբի անդամ, Եվրոպական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դոմագոյ Հայդուկովիչին:
.jpg)
Արման Եղոյանը խորվաթ պատգամավորներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի, այդ երկրի բարձրագույն ղեկավարության կողմից շարունակական ռազմատենչ հռետորաբանության, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ մանրամասներ: Հանձնաժողովի նախագահը կարևորել է եվրոպական երկրների աջակցությունը` զսպելու ավտորիտար երկրի հակաիրավական նկրտումները:
Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցություններին առնչվող հարցեր: Առկա գործընթացները քննարկման առարկա են դարձել լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում:
Պատգամավորները խոսել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների մասին, կարևորել վերջինի աջակցությունը ժողովրդավարական Հայաստանին` ինստիտուտների կայացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման համար: Ուշադրության կենտրոնում է եղել եվրոպական հարաբերությունների հարցերով պատասխանատու հանձնաժողովների միջև հարաբերությունների զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում: