Հոսքագիծը ատամի մածուկ է արտադրում: Հայաստանում առաջին անգամ՝ արդյունաբերական մասշտաբի։ Պարզվում է՝ մածուկ մեր երկրում չի արտադրվել ո՛չ սովետական տարիներին, ո՛չ վերջերս, երբ տեղական օճառ-շամպուն-լվացող նյութերով կտրուկ աշխուժացավ կենցաղային քիմիայի ոլորտը։ Ձեռնարկությունը Երևանում է։
Ներդրումն ամբողջությամբ մասնավոր կապիտալ է։ Ընկերությունը հիմնել է ատամների-լնդերի առողջական հարցերում խորացած, լաբորատոր տարբեր հետազոտություններով բերանի խոռոչի հիգիենայի խնդիրներն ու դրանք կարգավորող նյութերը մի քանի տարի ուսումնասիրած Լևոն Բաբալյանը։
Սարերի ուրցի համն ու հոտը հիմա այս ընկերության և՛ մածուկում է, և՛ բերանի ողողիչում։ Ընդամենը 3 ամիս առաջ՝ հունվարից են շուկա մտել: Առայժմ՝ 5 տեսականիով, բայց այնպես են արել՝ իրենց առաջարկներից սպառողն ընտանիքի համար մի բան ընտրի՝ ասում է գործարարն ու հպարտությամբ ցուցադրում բերանի տհաճ հոտից ազատող, թարմացնող Ամառոլի իրենց հեղուկներն ու ատամի էմալը պաշտպանող, կարիեսն ու քարերի առաջացումը կանխող մածուկները։ Ուրցի և ուժեղ էվկալիպտի արանքում՝ նաև մանդարինով մածուկ են արտադրում։
Բաբալյանն անկեղծանում է՝ բիզնեսը դժվար է առաջ գնում․ այս շուկայում մրցակցությունը սուր է, մրցակիցները՝ միջազգային ճանաչում ունեցող բրենդներ։ Իրենք փորձում են դիրքավորվել գնային միջին հորիզոնականներում՝ շեշտը դնելով ապրանքի որակի վրա։
Հումքի խմորումից մինչև տարրայավորում իրականացվում է ամբողջությամբ ստերիլ միջավայրում։ Ապրանքը սերտիֆիկացված է ԵԱՏՄ պահանջների համաձայն։ Տուփերը մածուկով լցվելուց առաջ ախտահանվում են հատուկ պահարանում։
Ալբերտ Թադևոսյան («Ամառոլ» ընկերության տնօրեն) - Սա աշխատում ա օզոնի միջոցով, որն ունի կոնկրետ հակաբակտերիալ ազդեցություն։ Թուբերը դատարկ դնում ենք սարքի մեջ, ու 15 րոպե մնալուց հետո դրանք ախտահանված են ամբողջությամբ: Դրանից հետո տեղադրվում են մեր շշալցնող սարքի հատուկ բունկերի մեջ, որտեղից արդեն կատարվում ա շշալցման պրոցեսը:
Ապրանքը Հայաստանում դեռ միայն մայրաքաղաքի խանութներում ու դեղատներում կա, շուտով մարզերում էլ կսկսեն վաճառքը։ Մտածում են նաև արտահանման մասին, բայց տեղում դիրքերն ամրացնելուց հետո՝ ասում է ձեռներեցը: Որպես export-ի առաջին հավանական ուղղություն՝ ակնարկում է ամերիկահայերի շուկան։ Բիզնես-հաշվարկները պետք է հուսախաբ չանեն՝ համոզված է ներդրողը։
Լևոն Բաբալյան «Ամառոլ» ընկերության հիմնադիր - Ես մասնագիտությամբ տնտեսագետ-ֆինանսիստ եմ, տարիներ աշխատել եմ Շվեյցարիայում:
Ըստ Բաբալյանի՝ ընկերության անունը հատուկ չեն դրել դենտ-ստոմ-քեյրով։ Փոխարենը խնամքով ընտրել են տուփի գույները, տեսականին երանգավորել առողջ լնդերի կարմիրով ու ատամների ճերմակով։