44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով այսօր հրավիրվել էր ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է՝ շուրջ 5 ժամ տևած քննարկման ընթացքում Մնացականյանին հարցեր են ուղղվել բանակցային գործընթացի վերաբերյալ, իսկ պատասխանները կներառվեն ամփոփիչ զեկույցում: Քոչարյանը նաև նշել է՝ խորհրդարանի քննիչ հանձնաժողով գալու ցանկություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հայտարարությանը, ըստ որի՝ 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմն ունեցել է 11 հազար դասալիք:
Անդրանիկ Քոչարյան (պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - 11 հազարը պատահական թիվ չէ, գուցե մի քիչ ավել է. մի՛ մոռացեք, որ արագ զորակոչ էր արվում մասնակի, զորակոչը շատ դեպքերում տեղ չէր հասնում կամ հասնում էր մի կարճ ժամանակ հետո, անձնակազմը չէին կարողանում հավաքել իրար գլխի: Սպառազինությունը ստանում են, ներկայանում են, այդպիսի իրողություններ ունենք և ունենք հազարների հասնող քրեական գործեր, և այդ խնդիրը քննչական մարմիններում՝ զինվորական քննչական մարմիններում, բոլորը քննվում են, այդ թիվը, որ հնչեցվել է, անպայման այդ թվի հետ կապված քննիչ հանձնաժողովը իր պարզաբանումները կստանա, և երբ որ հաստատվի 11 է, թե 12 է, այդ ժամանակ ես ձեզ հստակ կասեմ՝ քանի քրեական գործ է հարուցվել, ուր են հասել այդ քրեական գործերը, որովհետև այդ ծավալն այնքան մեծ է, որ ուշ թե շուտ այդ իրողությունների խորքային պատճառները պետք է հասկանանք: