Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆան Յոնգին: Այդ մասին հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանից:
Կողմերը խոսել են բազմադարյա քաղաքակրթության կրող, հարուստ պատմություն և մշակույթ ունեցող երկու երկրների բարեկամության մասին, անդրադարձ կատարել կառավարման համակարգերի սկզբունքներին։
Դեսպան Ֆան Յոնգը նշել է, որ երկու երկրները, ունենալով յուրահատուկ և այցեքարտ հանդիսացող մշակույթ, միմյանց հետ մշտապես կարող են կիսվել կուտակած փորձառությամբ և առանձնահատկություններով, իսկ վիզաների մասնակի ազատականացված ռեժիմը կարող է նպաստել հնարավոր համագործակցությունների շրջանակի ընդլայնմանը:
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, խոսելով քաղաքի բնորոշիչ կողմների մասին, շեշտեց, որ Էջմիածինը հրաշալի վայր է ներդրումային ծրագրերի իրականացման համար, քանի որ Հայաստանի հոգևոր կենտրոնը լինելուց բացի՝ ունի տուրիստական մեծ ներուժ և աշխարհագրական բարենպաստ դիրք:
Կողմերը խոսել են նաև կրթության դերի կարևորության, Հայաստանում գործող Հայ-չինական բարեկամության դպրոցի, Կոնֆուցիոսի ինստիտուտի գործունեության մասին, քննարկել նոր հնարավորություներ, որոնք կարելի է իրագործել համայնքում: