Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստում Արցախի մասին հիշատակում կա՝ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հանդիպման նպատակով խորհրդարան եկած ԱԽ քարտուղարը: Արմեն Գրիգորյանը հավելեց՝ փաստաթուղթը դեռ վերջնական չէ, քանի որ բանակցություններ են ընթանում:
Արմեն Գրիգորյան (ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար) - Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է լինի, որպեսզի Ստեփանակերտի և Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ ԼՂՀ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների շուրջ:
Թե ինչ ձևաչափով կքննարկեն արցախահայության անվտանգության ապահովման ու իրավունքների իրացման խնդիրները, ըստ Գրիգորյանի, դեռևս հստակ չէ: Հայկական կողմն աշխատում է խաղաղության պայմանագրի հստակության շուրջ՝ նշեց Գրիգորյանը, հավելեց՝ վերջին 3 տարվա իրադադաձությունները հայկական կողմին ցույց են տվել՝ խաղաղության պայմանագրում կարևոր է երաշխավորի ինստիտուտի ամրագրումը:
Արմեն Գրիգորյան - Հայկական կողմը ստացել է իր առաջարկած տեքստին պատասխան, որը շարունակական գործընթացն է, նոր տեքստ չէ: Կարծում եմ՝ հնարավորինս շուտ այդ տեքստը պատրաստ կլինի:
ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԵԼՅԱԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Խոսելով ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության՝ Հայաստան ժամանելու և այդ կապակցությամբ Ռուսաստանի դժգոհության մասին՝ անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, որ Մոսկվայի գործընկերների հետ պարբերաբար քննարկում են ու ներկայացնում հարցի շուրջ հայկական կողմի մոտեցումները:
Արմեն Գրիգորյան - Այդ առաքելության ժամանումը փոխկապակցված է մեր փորձի հետ, այսինքն՝ 2021 թ. մայիսին և նոյեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում է եղել, նույնը եղել է անցած տարվա սեպտեմբերին: Հաշվի առնելով փորձը, որ գոյություն ունեցող անվտանգության երաշխիքները չեն աշխատում, Հայաստանը հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությանը՝ որոշակի անվտանգության երաշխիքներ ստեղծելով: ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն այդպիսի հավելյալ երաշխիքներ է ստեղծում:
Ինչ վերաբերում է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արդեն 65 օր փակ լինելուն, Գրիգորյանն ակնկալում է, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը կկատարեն նույեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները: Նա վստահեցրեց՝ Հայաստանն այդ ուղղությամբ ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը:
Հեղինակ՝ Անի Օհանյան