Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ռազմավարությունը կազմվել է համապարփակ ուսումնասիրության արդյունքում:
«Հիմնականում ռազմավարությունը երկու ուղղություն է թիրախավորում. առաջինը առողջությանն ուղղված ոլորտն է և առողջության բարեփոխմանն ուղղված հիմնախնդիրներն ու դրանց լուծումներն են և առողջապահական համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղղություններն են: Մեր ռազմավարության հիմնական նպատակն է բարելավել բնակչության առողջության պահպանումը և շեշտադրումը փոխել հիվանդաբուժությունից դեպի առողջության պահպանում, բարելավում, կյանքի սպասվելիք միջին տևողության աճ, կյանքի որակի բարելավում: Սրանք շատ կարևոր հայեցակարգային փոփոխություններ են, և, մեր կարծիքով, օգնելու են, որ առողջապահության ուղղվածությունը լինի ոչ միայն այն խնդիրներին, որոնք վրա են հասել, այլև ուղղված լինի նրան, որ ծնված օրվանից հոգ տանենք առողջության պահպանման մասին, առողջությանը վերաբերվենք որպես կարևորագույն ռեսուրս, և ամբողջ համակարգն այնպես կառուցված լինի մարդու շուրջը, որպեսզի աջակցի այդ ռեսուրսները պահպանելուն և մարդկային կապիտալի պոտենցիալը լավագույնս դրսևորելուն»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանում ռազմավարական մակարդակում ուշադրություն է դարձվել նաև տարեցների առողջության հիմնախնդրին:
Անդրադառնալով առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը՝ նախարարը նշեց, որ այն կփոխի ամբողջ համակարգի ֆինանսավորման մեխանիզմները և կնպաստի, որ դրանք ուղղված լինեն ավելի ծախսարդյունավետ, ավելի որակյալ ծառայությունների մատուցմանը և դրանց հասանելության մեծացմանը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ռազմավարության ընդունումը և նշել. «Ոլորտում մինչև հիմա շատ լուրջ ներդրումներ և փոփոխություններ ենք ունեցել, բայց շատ կարևոր է համպարփակ պատկերացում ունենալ առաջիկա անելիքների մասին: Մենք ունենք նաև այդպիսի նպատակադրում և պայմանավորվածություն, որ մինչև 2026 թվականը Հայաստանում, այսպես ասած, վատ վիճակում գտնվող առողջապահական հանրային ֆիզիկական ենթակառուցվածք մենք պետք է չունենանք: Նաև առողջության պահպանման առաջնային օղակի զարգացումն է այս ռազմավարության ամենակարևոր անկյունաքարը»:
Վարչապետը ռազմավարական նշանակություն ունեցող բարեփոխումների՝ առողջապահության ապահովագրման, եկամուտների համընդհանուր հայտարարագրման, բարեհաջող իրականացման կարևորագույն բաղադրիչներից է համարել ճիշտ կոմունիկացիան. «Այս մեծ ռազմավարական նշանակություն ունեցող բարեփոխումների մասին հանրության հետ կոմունիկացիա պետք է տեղի ունենա, որպեսզի մարդիկ մանրամասն տեղեկանան՝ ինչ է արվում, ինչ ժամանակացույցով, ինչի համար, ինչ նպատակով և ինչ արդյունքների է հանգեցնելու այդ ամենը: Սա չափազանց կարևոր խնդիր է և այս առումով պետք է հնարավորինս ակտիվ աշխատանք տարվի»: