Այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկվեց Հայաստանի ինքնիշխան տարածքը, ինչի հետևանքով տեղի ունեցան մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ: Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչ այս պահը վերացված չեն: Այս իրավիճակը երկարատև գործընթացի արդյունք է, երբ տարիներ շարունակ հայերի հանդեպ իրականացվող ծայրահեղ ատելության տարածումը, ռազմական կարողությունների հետևողական զարգացումը ի վերջո վերածվեցին ուժի կիրառման:
Ուժի կիրառմամբ արտաքին քաղաքական խնդիրների լուծման մոտեցումը, որը դրսևորվում է աշխարհի տարբեր անկյուններում, նոր պատերազմների և հակամարտությունների բռնկմամբ, վկայում է համաշխարհային անվտանգային համակարգի ճգնաժամի մասին:
Ակնհայտ է, որ ուժը միշտ էլ եղել է միջազգային հարաբերությունների կարևոր գործոն, սակայն որևէ միջազգային համակարգ չի կարող հիմնված լինել բացառապես «Ուժն է ծնում իրավունք» սկզբունքի վրա, քանզի, ինչպես գիտենք, ուժեղից միշտ էլ առավել ուժեղը կա, հարատև պատերազմն անգամ չի կարող արձանագրել ուժերի վերջնական, ճշգրիտ հավասարակշռություն»,- ասաց Միրզոյանը:
Միրզոյանը շեշտեց, որ ինչպես առանձին մարդը, այնպես էլ առանձին ժողովուրդն ունի կյանքի, անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք: