Խերսոնի կենտրոնում կրկին ծածանվում է Ուկրաինայի դրոշը։ Տեղի բնակիչները հանդիսավոր կերպով ողջունել են Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին, որոնք ռուս զինվորականների նահանջից հետո վերադարձել են երկրի հարավի առանցքային քաղաքներից մեկը։
Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր Խերսոնի բնակիչների «տարհանման» մասին, ինչը Կիևը և միջազգային կազմակերպությունները համարում են «տեղահանում» և պատերազմական հանցագործություն։ Ուրբաթ առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Դնեպրի արևելյան ափ առանց կորուստների իր ուժերի դուրսբերման ավարտի մասին։
Խերսոնն առաջին խոշոր քաղաքն էր և միակ տարածաշրջանային կենտրոնը, որը ռուսական զինված ուժերը գրավել էին ռազմական գործողությունների ժամանակ: Այնուհետև Ռուսաստանն այս շրջանն Ուկրաինայի Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի շրջանների հետ հայտարարեց իր տարածք։
Խերսոնից ռուսական բանակի դուրսբերման վերաբերյալ ռուսական կողմում ստացվել են տարբեր արձագանքներ: Ամենակտրուկ հայտարարություններից մեկն արել է «ռուսական աշխարհի» գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը: Իր Telegram ալիքում նա իշխանություններին պատասխանատվության է կանչել Խերսոնի հանձնման համար և նշել, որ եթե իշխանությունները չկարողանան «փրկել» իրավիճակը, ապա գերագույն հրամանատարը պետք է լքի իր պաշտոնը։
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի Խերսոնը համարել իր տարածքը, իսկ ապագայում մտադիր է հետ գրավել քաղաքը։
Ուկրաինայի զինված ուժերն էլ կոչ են արել ռուս զինվորականներին, որոնք դեռ քաղաքում են, կամավոր հանձնվել, քանի որ փախուստի տարբերակ չունեն: