Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ժամանել է Սամարղանդում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության (OTG) գագաթնաժողովին, գրում է Euronews-ը։
Վերլուծաբաններն ընդգծում են, որ Սամարղանդում Էրդողանի հիմնական նպատակը կլինի ամրապնդել տնտեսական կապերը ռեսուրսներով հարուստ նախկին խորհրդային հանրապետությունների հետ այն ժամանակ, երբ Մոսկվան ներքաշված է Ուկրաինայի հակամարտության մեջ:
Թուրքիայի նախագահությամբ գագաթնաժողովին, բացի հյուրընկալող Ուզբեկստանի նախագահից, մասնակցում են Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները։ Հունգարիայի վարչապետը և Թուրքմենստանի խորհրդարանի Վերին պալատի ղեկավարը ժամանել են որպես դիտորդ երկրների ներկայացուցիչներ։ Եթե Թուրքմենստանն էլ միանա, ապա 2009 թվականին ստեղծված միությունը կներառի Կենտրոնական Ասիայի բոլոր այն երկրները, որոնք խոսում են թյուրքական խմբի լեզուներով։
Բարձր մակարդակի հանդիպման թեման է՝ «Թյուրքական քաղաքակրթության նոր դարաշրջան. ընդհանուր զարգացման և բարգավաճման ճանապարհին»։ Անցյալ տարի խումբը հրաժարվեց կազմակերպության նախկին անվանումից՝ Թյուրքական խորհրդից՝ հօգուտ Թյուրքական պետությունների կազմակերպության:
Ըստ վերլուծաբանների՝ Թուրքիայի նախագահը դեռևս մի քանի տարի առաջ էր ձգտում մշակութային, լեզվական և կրոնական կապերի սերտացմանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունների հետ։ Դիտորդները նշում են, որ սա նրա երրորդ այցն է տարածաշրջան գրեթե երկու ամսում: Դա ցույց է տալիս Անկարայի վճռականությունը՝ ամրապնդվել այդտեղ, քանի դեռ Մոսկվան կենտրոնացած է Ուկրաինայի վրա: