Վերջին զարգացումների համատեքստում հավանական համարո՞ւմ է իր ցանկության իրագործումը, ըստ որի՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր պիտի կնքվեր: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հարցին արձագանքեց. «Մենք, համենայնդեպս, դրա համար ամեն ինչ կանենք»:
Նրա խոսքով` շատ կարևոր է, որ գլխագրային խոսակցությունից անցում կատարվի բուն տեքստին, այսինքն` բովանդակային խոսակցության:
«Խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան, օրինակ՝ կա տարբերակ՝ ստորագրել շրջանակային համաձայնագիր, որն ընդհանուր շրջանակն է գծագրում հարաբերությունների և չի հասցեագրում բոլոր հնարավոր հարցերը: Եթե այսպիսի տարբերակով Ադրբեջանի համար ընդունելի լինի առաջ գնալ, հնարավոր է և կարողանանք, բայց ես էլի եմ ուզում ասել, որ մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք դրա համար»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը, սակայն, ընդգծեց՝ խաղաղության պայմանագրի՝ առնվազն ուժի մեջ մտնելուց առաջ պետք է դելիմիտացիայի գործընթացն ավարտված լինի:
«Ասում ենք` տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, իսկ Ադրբեջանը մյուս կողմից ասում է, որ իրենք ՀՀ տարածքը չեն օկուպացրել, այնտեղ են, որտեղ սահմանն է, կարող է` մենք պայմանագիրը ստորագրենք, Ադրբեջանը շարունակի տարածքային նկրտումներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ, դրա համար պետք է սահմանների հստակեցում լինի»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ խաղաղության պայմանագրի շրջանակային և ոչ շրջանակային տարբերակներ կան:
«Ուզում եմ ասել` մենք նաև մեր առաջարկներն ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակի վերաբերյալ, և նաև Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայկական պատվիրակությունը իր առաջարկները, մեծ հաշվով` տեքստի մեր տարբերակը, ներկայացրել է քննարկման: Հույս ունենք` Ադրբեջանը դրանք կառուցողական կքննարկի և կարձագանքի»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը: