Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե ԼՂ հարցը Սոչիի ու Պրահայի հայտարարություններով պատմության գիրկն է ուղարկվել:
Փաշինյանը հարց ուղղեց, որ եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, այդ դեպքում ԼՂ հայությունն ինչո՛ւ չի զգում դա:
«Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ Պրահայից և Սոչիից առաջ էլ էր Ադրբեջանի նախագահն այդ նույն արձանագրումն անում: Այստեղ պետք է հասկանալ, թե ո՛րն է նրա արձանագրման տարբերությունը Պրահայից և Սոչիից առաջ ու հետո: Մենք ասել ու ասում ենք, որ երբեք էլ ԼՂ հիմնախնդիրը տարածքի խնդիր չի եղել: Այլ բան, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը այս կոնտեքստն ամբողջությամբ ի վիճակի չեն եղել ներկայացնել միջազգային հանրությանը: Մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքները և անվտանգությունը պետք է հասցեագրվեն:
Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, այդ դեպքում ԼՂ-ի հայությունն ինչո՞ւ չի զգում դա: Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը ԼՂ շուրջը դիրքեր տեղադրել և ինչո՞ւ են կրակում ԼՂ-ի վրա: Սա շատ կարևոր հարց է, որի բովանդակային պատասխանը պետք է նաև միջազգային հանրությունը ստանա: Մենք դեմ չենք, որ ԼՂ հարցը լուծված լինի, մենք ասում ենք, որ այդ լուծումն առաջին հերթին պետք է զգան, տեսնեն, ընդունեն այնտեղ ապրող մարդիկ: Ինչո՞ւ են նրանք անընդհատ սպառնալիքի ներքո:
Երբ ասում են` հայերը ոչ մի խնդիր չունեն և չեն ունենա, եկեք հիմա գնանք, տեսնենք` Հադրութի ժողովուրդը ունի՞ խնդիր, թե՞ չունի, հիմա Հադրութի ժողովուրդն իրենց տներում ապրո՞ւմ է: Ո՞րն է այդ հարցի կարգավորման ադրբեջանական տեսլականը. որ Ղարաբաղում ապրող բոլոր հայերը պետք է արժանանան այն նույն ճակատագրին, ինչ ճակատագրին արժանացել են կամ գոնե այս պահին ինչ վիճակում գտնվում են Հադրութի հայե՞րը: Այդ դեպքում պիտի արդարացված համարեն իմ այն արձանագրումը, որ այս ամենից ցեղասպանության նախապատրաստության տպավորություն է ստացվում, կամ հենց այդպես էլ կա»,- ասաց Փաշինյանը: