2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ շատ կարևոր է, բացի պայմանավորվող կողմերից, լինեն նաև պայմանավորվածության երաշխավոր կամ երաշխավորներ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին:
«Մենք անընդհատ ասում ենք՝ խաղաղության պայմանագիր: Եթե երաշխավորներ չլինեն, ընդ որում` այդ երաշխավորները պետք է լինեն կարող ուժեր, տեսականում և գործնականում հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել, և դրանից, ասենք՝ 12 ժամ հետո կարող է պատերազմ սկսվել: Սա ամենևին չափազանցություն չէ: Նույնը մենք տեսանք սեպտեմբերի 13-ին:
Նախորդ տարվա նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ արձանագրեցինք քայլեր ձեռնարկել սահմանային անվտանգության բարձրացման ուղղությամբ և գործը տանել դեպի դելիմիտացիայի հանձնաժողովների ձևավորում: Ասացինք՝ եկեք ստեղծենք այդ մեխանիզմները, կարծես ըմբռնումն այնպիսին էր, որ պետք է այդ հանձնաժողովը նաև ինչ-որ մեխանիզմներով երաշխավորի սահմանային անվտանգությունը, բայց դա գործնականում տեղի չունեցավ, և մենք ունեցանք նոր էսկալացիա: Սա մեզ ստիպում է, որպեսզի մենք մտածենք, որ միջազգային երաշխիքների և երաշխավորների շատ ուժեղ ինստիտուտ է պետք, հակառակ դեպքում խաղաղության պայմանագիրն ուղղակի թուղթ կդառնա, որը ոչ մի արժեք չի ունենա»,- ասաց Փաշինյանը: