ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձավ կոմունիկացիաների ապաշրջափակման խնդրին։
Վարչապետը պարզաբանեց, թե ինչ նկատի ուներ երեկ Կառավարության նիստի ժամանակ իր ելույթում հնչեցրած միտքը, թե Ադրբեջանի նախագահն է հրաժարվում օգտվել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության Հայաստանի առաջարկած հնարավորություններից, բացի այդ՝ մանրամասնեց, թե Հայաստանն առաջիկայում ինչ նոր առաջարկ է պատրաստվում ներկայացնել Ադրբեջանին:
«Ես կարծում եմ, որ առավել ևս հիմա մենք պետք է մեր հանրության և միջազգային հանրության հետ, ինչքան դա թույլ է տալիս դիվանագիտական էթիկան և կոռեկտությունը, հնարավորինս թափանցիկ լինենք, որ մարդկանց պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը։ Այս պատմության մեկնարկը սկսվել է նրանց, որ ճանապարհների, կոմունիկացիաների թեման քննարկելու ժամանակ Ադրբեջանն ասել է, որ կարծում է, որ Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանի ճանապարհներով անցնելիս հնարավոր է մտավախություններ ունենան Հայաստանի սահմանային և մաքսային ծառայողների հետ անձնական շփումներ, կոնտակտ ունենալու պարագայում»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով սահմանին երրորդ երկրին որպես ծառայություն մատուցող օպերատոր ներգրավելուն՝ նա ասաց, որ այդ տարբերակում, որը դեռ 2021 թվականի դեկտեմբերին է փոխանցվել Ադրբեջանին, մանրամասները մի քիչ բարդ էին, հիմա այդ տարբերակի պարզեցված մոդելն են պատրաստվում ներկայացնել որպես առաջարկ:
Փաշինյանը, սակայն, նշեց, որ եթե մենք գնում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը սպասարկելու ճանապարհով, ասել, թե ադրբեջանցիները հայաստանցիների հետ պետք է չշփվեն, և հայաստանցիներն էլ՝ ադրբեջանցիների հետ, այնքան էլ ճիշտ չէ։
«Իհարկե, հասկանալի է, որ այդ շփումները պետք է կազմակերպել ինչ-որ ձևով, և մենք կարծում ենք, որ ի վերջո պետք է վերադառնալ ամենապարզ տարբերակին, որ Ադրբեջանի սահմանին հսկողություն իրականացնում են ադրբեջանցի ծառայողները, Հայաստանի սահմանին՝ հայաստանցի ծառայողները»,- ասաց Փաշինյանը:
Հաղորդավար Տաթև Դանիելյանի ճշտող հարցին՝ արդյոք դա՞ է մեկ ուրիշ առաջարկը, վարչապետը դրական պատասխան տվեց:
Վարչապետի խոսքով՝ խնդիրը հետևյալն է. եթե Ադրբեջանի համար սա իսկապես հաղորդակցության հարց է և ոչ թե էսկալացիայի առիթ գտնելու, այդ հարցը գործնականում լուծված է:
«Պետք է ընդամենը այն, ինչ պայմանավորված է, այդ պայմանավորվածությունն արձանագրել և գնալ առաջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: