Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների գործակցության շրջանակում նախատեսվում է ընդլայնել և խորացնել ֆրանսերենի ուսուցումը: Հանրապետության շուրջ 1400 հանրակրթական դպրոցներից 250-ում արդեն դասավանդվում է ֆրանսերեն, որոնցից 17-ում լեզուն խորացված է ուսումնասիրվում:
Արսեն Բաղդասարյան (ՀՀ ԿԳՄՍ Հանրակրթության վարչության պետ) - Այս պահի դրությամբ պետք է ասեմ, որ չունենք արձանագրված որևէ փաստ, որ խումբ չհավաքվի, դասարան չհավաքվի և ցանկանան դասարանը փակել: Ընդհակառակը, Շիրակի մարզում անհրաժեշտություն կա խորացված ուսումնառությամբ դասեր բացելու:
Ըստ նախարարության՝ Հայաստանում ֆրանսերենի դասավանդման լավագույն փորձ ունեցողը 119-րդ դպրոցն է, որը ստացել է միջազգային որակավորում: Դպրոցի հիման վրա ստեղծվել է ֆրանսիական կրթահամալիր՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ: Նախատեսվում է նմանատիպ հաստատություններ հիմնել նաև մարզերում:
Հովհաննես Կարապետյան (Երևանի թիվ 119 ավագ դպրոցի փոխտնօրեն) - Այսօր դպրոցում իրականացվում է երկլեզվյա ուսուցման ծրագիր, դասավանդում է ֆրանսիացի մասնագետ: Մի շարք առարկաներ ֆրանսերեն են դասավանդվում. սրանք կարծես թե լրացուցիչ` որպես ծրագիր:
Պոլ Մնյե (ֆրանսիացի ուսուցիչ) - Գոհ եմ երեխաներից. Պատրաստակամ են, աշխատասեր են, պրպտող: Ուրախ եմ, որ որպես լեզվակիր ուսուցիչ` կարող եմ օգնել նրանց սովորել աշխարհագրություն, պատմություն և քաղաքակրթություն:
Առաջիկայում հնարավոր է Երևանի Ֆրանս-հայկական մասնագիտական քոլեջի մասնաճյուղերի բացում մարզերում: ԿԳՄՍ պաշտոնյայի խոսքով՝ միջին մասնագիտական հաստատություններ դիմողները հետաքրքրված են ֆրանսերենով:
Արմենուհի Պողոսյան (ՀՀ ԿԳՄՍ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական վարչության պետի պարտականությունները կատարող) - Երբ մեր հարցումներն արել ենք ուսումնական հաստատություններում, շատ դեպքերում պատասխանը հետևյալն էր՝ ցանկություն կա, սակայն դասավանդող չկա կամ հնարավորությունները բավարար չեն:
Որպեսզի Հայաստանում դասավանդող մասնագետների խնդիր չլինի, ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի Հայաստանում կբացվի ֆրանսիական ինստիտուտ: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեպան Անն Լույոն:
Անն Լույո (ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Նոր ինստիտուտի նախագծի գաղափարը ստացել է Ֆրանսիայի նախագահի աջակցությունը: Այս պահի դրությամբ փնտրում ենք տարածք, որտեղ կտեղակայվի ինստիտուտը: Դրա շուրջ բանակցում ենք նախարարության հետ: Վստահ եմ, որ գալիք տարվա ընթացքում արդեն պաշտոնապես կկարողանք բացել ինստիտուտը:
Ինստիտուտում աշխատելու համար մասնագետներ կհրավիրվեն Ֆրանսիայից: Նոր բուհ բացելու հարցում լավ ցուցիչ է արդեն գործող՝ Ֆրանսիական համալսարանում դիմորդների ակտիվությունը:
Անն Լույո - Հայաստանում Ֆրանսիական համալսարանում յուրաքանչյուր տարի արձանագրվում է դիմորդների մոտ 300-ով ավելացում, ինչը նշանակում է, որ այդ բոլոր ուսանողները հետաքրքրված են ֆրանսերենով և Ֆրանսիայով:
Երկու երկրների միջև գործում է նաև ուսանողների, դասավանդողների փորձի փոխանակման ծրագրեր: Դեսպան Անն Լույոն նշեց՝ Ֆրանսիան աշխատում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարածման և ամրապնդման ուղղությամբ, ընդգծեց՝ կրթական գործակցությունը մանկապարտեզից մինչև ասպիրանտուրա է:
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան