Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքն Ուկրաինայում:
«Հաշվի առնելով այսօր Ուկրաինայում տիրող անվտանգության իրավիճակը՝ մեր թիմերը մի պահ դադարեցրին աշխատանքները, պատսպարվեցին և շարունակեցին աշխատել տեղում։ Մարդասիրական օգնության մեր ամբողջական ժամանակացույցը կվերսկսվի անմիջապես, երբ անվտանգության իրավիճակը թույլ տա: Մենք վերահսկում ենք մարդասիրական կարիքները՝ անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերելու համար»,- նշված է կառույցի Թվիթերի էջում:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դադարեցնում է իր գործունեությունը Ուկրաինայում։
Ուկրաինայի Կարմիր խաչի ընկերակցությունն էլ հայտարարել է, որ կեղծ են տեղեկությունները, թե իբր գրասենյակը չի գործում: «Ուկրաինայի Կարմիր խաչի ընկերակցությունը երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ աշխատում է առավելագույն լարվածությամբ: Կարմիր խաչի շարժման մեր միջազգային գործընկերները ևս աշխատում են ուժերի գերլարումով»,- ասված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոչ էր արել ամերիկացի քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը՝ իրենց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի պատճառով։
Հոկտեմբերի 10-ի առավոտյան պայթյուններ են որոտացել Կիևի տարբեր շրջաններում, ինչպես նաև Խմելնիցկի, Տերնոպոլ և Դնեպր քաղաքներում, ամբողջ Խարկովը առանց էլեկտրականության է մնացել քաղաքի հրթիռակոծությունից հետո։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության ներկայացուցիչ Յուրի Իգնատի խոսքով՝ Ռուսաստանը առնվազն հարյուր հրթիռային և անօդաչու հարվածներ է հասցրել Ուկրաինայի խոշոր քաղաքներին և գրեթե բոլոր տարածաշրջանային կենտրոններին։