Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մանդատ ունեցող միակ միջազգային ձևաչափում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգները կներկայացնի դիվանագետ Ֆիլիպ Ռիկերը: Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդականի պաշտոնում կադրային դիվանագետ Ռիկերի նշանակումը քաղաքագետ Արեգ Քոչինյանը կարևոր փոփոխություն է համարում:
Արեգ Քոչինյան (Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ) - Սա վկայում է Միացյալ Նահանգների միտումների լրջացումը, թե՛ Արցախյան հիմնահարցի, թե՛ տարածաշրջանի հետ կապված ընդհանրապես:
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ավարտված, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն արդեն անիմաստ համարող Ադրբեջանի իշխանությունը Ռիկերի նշանակման Բլինքենի որոշումը մեկնաբանեց իրեն հատուկ ոճով՝ քայլը որակելով, որպես «տարածաշրջանում ստեղծված իրողություններից հեռու մոտեցում»:
Լեյլա Աբդուլլաևա (Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար) - Մինսկի խմբի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է և հստակ շարադրվել է ամենաբարձր մակարդակով։ Գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, պատասխանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ «Լուրեր»-ի հարցին, վերահաստատեց Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:
Վահան Հունանյան (ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ) - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը, և այս մանդատը որևէ մեկը չի չեղարկել:
Աբդուլլաևայի խոսքերին հետևել էր նաև հասցեատիրոջ՝ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի արձագանքը:
Վեդանթ Պանտել (Հանրային կապերի գրասենյակի փոխխոսնակ) - Մենք հանձնառու ենք դյուրացնելու ուղիղ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ, բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ գործակցելով՝ հասնելու երկու երկրի միջև համապարփակ խաղաղ կարգավորման։ Այսուհետ դեսպան Ռիկերը ներկայացնելու է Միացյալ Նահանգները թե՛ Մինսկի խմբում, թե՛ Ժնևի միջազգային բանակցություններում։
Արեգ Քոչինյանը Ադրբեջանի կոշտ հռետորաբանությանը Միացյալ Նահանգների պատասխանը համարժեք չի համարում, նշում է՝ տարածաշրջանում իր ներկայությունը պահելու համար ԱՄՆ-ն հայտարարություններից զատ, պետք է նաև գործնական քայլեր ձեռնարկի:
Արեգ Քոչինյան - Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հրավիրելն է Վաշինգտոն և այնտեղ եռակողմ հանդիպում կազմակերպելն է: Սա ամենապարզ և որևէ ֆինանսական ծախսեր, ռեսուրսներ չպահանջող միջոցառումն է, որն անհրաժեշտ է:
Քաղաքագետը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը համարում է միակ արդյունավետը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Հիշեցնենք, Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը կայացել է 2021 թվականի նոյեմբերի 10-ին, իսկ 2022 թվականին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան հրաժարվել են շփվել իրենց հետ այդ ձևաչափում: Թե՛ Ֆրանսիան, թե՛ Միացյալ Նահանգները հակադարձեցին՝ պատրաստ են աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան