Խորհրդարանը հունիսի 30-ի արտահերթ նստաշրջանում կրկին քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 29-ի նիստում այդ պաշտոնում առաջադրել էր Ռուբիկ Մխիթարյանի, Արսեն Նիկողոսյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները: Սակայն կայացած գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուները չեն ընտրվել: Ռուբիկ Մխիթարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 29, Արսեն Նիկողոսյանի թեկնածությանը` 0, Արթուր Սարգսյանի թեկնածությանը` 33 պատգամավոր:
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Ռուբիկ Մխիթարյանի և Արթուր Սարգսյանի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը: Թեկնածու Ռուբիկ Մխիթարյանը նշել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործություններ քննող մասնագիտացված դատարանների ստեղծմամբ էական քայլ է կատարվել դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման տեսանկյունից:
Նրա խոսքով` մասնագիտացված դատարանների և դատավորների թվաքանակի ավելացումը կնպաստի արդարադատության արդյունավետության բարձրացմանը և հնարավորինս կբացառի ուշացած արդարադատության դեպքերը: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու Արթուր Սարգսյանն ընդգծել է, որ իր գործունեության ընթացքում մշտապես եղել է դատավարության մրցակցային կողմ, ներկայացրել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքերով բողոքներ, ներդրում ունեցել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների կայացման հարցում:
Տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ ոք չի ընտրվել: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` եթե Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` 10-օրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրում է նոր թեկնածուներ: Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: