Մի շարք լրատվամիջոցներ հրաժարվել են հարցեր ուղարկել և քննադատել են ԶԼՄ-ների և ՀԿ-ների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղվող հարցերին ընտրված ձևաչափը:
Թեմային անդրադառնալով՝ վարչապետ Փաշինյանը մասնավորապես ասաց հետևյալը.
«Ինչքան տեղյակ եմ, բոյկոտել են այն լրատվամիջոցները, որոնք ներկայացնում են այն քաղաքական շրջանակներին, որոնք վերջին շրջանում բոյկոտային լայն գործունեություն են ծավալել: Հիմա ձեզ նկարագրեմ իրավիճակ. ենթադրենք՝ հրավիրել եմ ասուլիս, հրավիրել ենք լրատվամիջոցներին, և այդ նույն լրատվամիջոցներն ասում են` մենք բոյկոտում ենք, որովհետև պատճառ միշտ էլ կգտնվի` կրկնելով իրենց քաղաքական կարգախոսները, կամ չեն բոյկոտում, գալիս են, հարց են հնչեցնում, պատասխան է հնչում, պատասխանն իրենց դուր չի գալիս, և ասում են` բոյկոտում ենք, որովհետև պատասխանը չի բխում, ենթադրենք, ինչ-ինչ մեր պատկերացումներից:
Կամ այդ նույն լրատվամիջոցների մի մասին, ովքեր վերջին շրջանում լայնորեն ներգրավված էին Երևանի փողոցները կաթվածահար անելու պրակտիկայի մեջ, ինչ-որ պատասխաններ դուր չի գալիս, որոշում են լքել ասուլիսի դահլիճը: Նկատի ունեմ, եթե խնդիրը բոյկոտն է, բոյկոտելու պատճառ միշտ էլ կգտնվի: Այդ նույն լրատվամիջոցների քաղաքական լիդերները խորհրդարանական ընտրություններին բոյկոտեցին ուղիղ եթերում բանավիճելու հնարավորությունը:
Ես չտեսա այդ նույն լրատվամիջոցների դատապարտող հայտարարությունը, թե ինչու այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն գնում և հանրության առաջ բանավեճի չեն մասնակցում: Եթե այդ լրատվամիջոցներն ուզում են ասուլիս, թող դիմեն կառավարության լրատվական ծառայությանը, բացատրեն` ինչում է իրենց խնդիրը, կառավարության լրատվական ծառայությունը կքննարկի և իրենց կպատասխանի»: