Հունիսի 17-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել հատուկ ծրար՝ նվիրված Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության 20-ամյակին: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:
Հատուկ ծրարի մարումն իրականացրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՀՀ Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը։
Հատուկ ծրարի վրա պատկերված է Եվրոպայի խորհրդի լոգոտիպը՝ ոճավորված «20» թվի տեսքով։ Հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով կատարված է գրառում «ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ»։
Ծրարի վրա փակցված է նաև 2013թ. նոյեմբերի 25-ին թողարկված «Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը» թեմային նվիրված նամականիշը: