Ֆուտբոլը Հայաստանի համար ունի տնտեսական, մարզական, սոցիալ-հոգեբանական և քաղաքական նշանակություն՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման երեսնամյակին նվիրված միջոցառմանը հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ Հայաստանում շատ է խոսվում այն մասին, որ մենք հաջողակ ենք անհատական մարզաձևերում, պակաս հաջողակ՝ թիմայինում:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ահա այն, ինչի մասին խոսում ենք, հենց քաղաքական այսպիսի նշանակություն ունի, որովհետև թիմային ոգին, թիմային տրամաբանությունը մի երևույթ է, որ Հայաստանի Հանրապետությունում իրապես զարգանալու մեծ տեղ ունի, և Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի այդ տրամաբանությունը զարգացնելու, և ֆուտբոլը բացառիկ նշանակություն ունի այս նպատակն իրագործելու ճանապարհին: Ժամանակակից ֆուտբոլն ինստիտուցիոնալ երևույթ է, և հույս ունեմ նաև, որ ֆուտբոլի ահա ներկայացված զարգացումների միջոցով Հայաստանի Հանրապետությունում ինստիտուցիոնալ մտածողությունը կդառնա առօրյա:
Մինչև 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ արձանագրվել է, որ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պետք է դառնա Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր՝ հիշեցրել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյան - Ընդհանրապես, ինչքանո՞վ է իրատեսական այս խնդրի լուծումը: Սովորաբար ֆուտբոլը մենք պատկերացնում ենք և ֆուտբոլի վրա կենտրոնանում ենք ուղիղ եթերում տեղի ունեցող և հեռարձակվող 90 րոպեների շրջանակներում: Իրականում 90 րոպե ուղիղ եթերում` խաղադաշտում գտնվող հաղթանակը չի ստեղծվում, այլ միայն արձանագրվում է հաղթանակը: Շատ կարևոր է, թե ինչ է տեղի ունեցել դրանից առաջ, և ինչ է տեղի ունենալու դրանից հետո: Եվ թերևս ահա այս երկու ուղղություններով կատարված աշխատանքն է, որ որոշում է ֆուտբոլային ապագան:
Նախորդ երեք տարում ՖԻՖԱ-ի աջակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի 7 մարզում 90 նոր փոքր խաղադաշտ է կառուցել: Սա, երկրի ղեկավարի խոսքով, հայկական ֆուտբոլի ապագայի համար կարևոր ներդրում է:
Նիկոլ Փաշինյան - Որովհետև այդ ապագա 90 րոպեների ճակատագիրը որոշվում է այդ գյուղական դաշտերում, որը պետք է համախմբի երեխաներին, և նրանց շուրջ պիտի համախմբի մեծերին, և որը պիտի կոփի, կռի և ստեղծի թիմային ոգի, որը պետք է մեր երկիրը և մեր ֆուտբոլը բերի հաղթանակների:
ՈՒԵՖԱ-ի աջակցության մասին. վարչապետ Փաշինյանը նշել է՝ կազմակերպության աջակցությամբ վերակառուցվում են Վանաձորի և Աբովյանի մարզադաշտերը: Վարչապետը տեղեկացրել է, որ ֆուտբոլային երկու կառույցի ղեկավարների հետ քննարկվում է Հայաստանում ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող նոր մարզադաշտ կառուցելու հնարավորությունը: Բացի այդ, ՖԻՖԱ-ի նախագահը նշել է, որ փոքր դաշտերի թիվը առաջիկայում 90-ից կհասնի 300-ի:
Եվ վերջում. վարչապետի ցանկությունն է, որ բոլորս մեր հավաքականի, մեր ֆուտբոլի կողքին լինենք ոչ միայն այն ժամանակ, երբ թիմը հաղթում է, այլ երբ դժվարություններ կան, որովհետև դրանք մեր դժվարություններն են, որ պետք է միասին հաղթահարենք:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան