Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «ԱՊՐԻ 2022» համաժողովի շրջանակներում «Հանրային առողջություն և բարեկեցություն» թեմայով ճեպազրույցին: Բանախոսել է նաև Կոլումբիայի համալսարանի հանրային առողջապահության մասնագետ Կիմ Հեքիմյանը:
Քննարկվել են`
հանրային առողջության պահպանման առաջնահերթությունները` որպես կենսական ազգային, անվտանգային շահ.
կանխարգելելի պատճառներից բնակչության մահացության ցուցանիշի նվազեցման հնարավորությունները.
համընդհանուր առողջապահական ծածկույթի ձևավորումը.
քաղաքացու համար բարձրորակ առողջապահական ծառայությունների ապահովումը:
Խոսելով հանրային առողջապահության վերջին մարտահրավերների` COVID-19-ի և պատերազմի մասին, նախարարը մատնանշել է սփյուռքի հայրենակիցների հսկայական օգնությունը:
«Սփյուռքը Հայաստանի առողջապահության ոլորտում անասելի մեծ ներդրում ունի, սակայն համագործակցությունը ոչ թե կարճաժամկետ հումանիտար օգնության, այլ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը պետք է ուղղվի»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
Քննարկմանն առանձնացվել են Հայաստանի հանրային առողջապահական առաջնահերթությունները`
առողջության համապարփակ ապահովագրության ներդրում.
ԱԱՊ օղակի բարեփոխումներ.
առողջ ապրելակերպի խթանում.
ծխախոտի վերահսկում.
պատվաստումային գործընթաց:
Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ հանրային առողջապահության ոլորտում անելիքները շատ են, սակայն ցանկալի արդյունքի հասնելու ճանապարհը համբերությունն ու հաստատակամությունն է: