Առաջին ալիքը մեկնարկում է «Հանրայինի դեսպաններ» ծրագիրը: Աշխարհի 10 երկրում հեռուստաընկերության դեսպանները կայցելեն հայկական համայնքներ՝ բացահայտելու սփյուռքի պահանջներն ու ակնկալիքները Հանրայինի արտադրանքի վերաբերյալ:
Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Պատկերացնենք պայմանական մեկ դպրոց կամ մանկապարտեզ, որ Հանրայինի դեսպանը կայցելի իր համայնքում, կներկայացնի այն բովանդակությունը, որ մենք ունենք, և կհասկանա իրենց կարիքները. մենք կփոխանցենք որակյալ մեր արտադրանքը հայերեն, և կրթօջախներում կօգտագործեն դա կրթական պրոցեսների համար:
Ծրագրի առաքելություններից մեկը սփյուռքի համայնքներում հայոց լեզվի պահպանումն է՝ նշում է Հովհաննես Մովսիսյանն ու հավելում՝ այս նպատակի իրագործման համար նաև թարմացվել է Հանրայինի արբանյակային ալիքի եթերացանցը, ավելացվել արևմտահայերեն բովանդակությունը:
Հովհաննես Մովսիսյան - Հանրային հեռուստաընկերությունը երկար տարիներ ստեղծում է ճիշտ հայերենով բովանդակություն, բայց այդ բովանդակության հիմնական սպառողը լինում են Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ Հայաստանի տարածքում ապրող քաղաքացիները, բայց չեն սպառում կամ ոչ այնքան շատ են սպառում, ինչքան այստեղ, մեր սփյուռքի հայրենակիցները:
«Հանրայինի դեսպանները» ծրագրի փորձնական փուլում դեռ 13 հոգի են՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ավստրիայից, Իսրայելից, Սիրիայից, Լիբանանից, Հունաստանից և Վրաստանից: Ընտրված մասնակիցները տեսակապով քննարկել են ծրագրի շրջանակում իրենց անելիքներն ու գործակցության ձևաչափը: 15 տարի Վիեննայում բնակվող Լենա Հովիվյանը դեսպաններից մեկն է:
Լենա Հովիվյան («Հանրայինի դեսպան», Ավստրիա) - Մենք ունենք այստեղ գործող համայնք, ունենք եկեղեցի, ունենք շաբաթօրյա դպրոց, և, կարծում եմ, այս ծրագրի միջոցով մենք կարող ենք էլ ավելի բարելավել Հայաստան-Սփյուռք կապը և ավելի մատչելի դարձնել հայոց լեզուն և մշակույթը:
Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների համար կարևոր է հայոց լեզվով բովանդակություն ստանալը՝ ընդգծում է Հանրայինի դեսպանը:
Լենա Հովիվյան - Սա շատ հայանվեր աշխատանք է՝ լսելի դարձնելու մեր հայոց խոսքը և հայկական հեռուստատեսությունը բերել հայկական համայնքներ, այնտեղ, որտեղ հայերն իսկապես ուզում են հայ մնալ, այնտեղ, որտեղ հայերն իսկապես ուզում են լսել իրենց հայրենի խոսքը:
Լիոնում Հանրայինի դեսպան Անահիտ Բոյաջյանը կարճ ժամանակով Երևանում է, Ֆրանսիա է վերադառնալու հստակ ծրագրով:
Անահիտ Բոյաջյան («Հանրայինի դեսպան» ծրագրի մասնակից, Ֆրանսիա) - Ես շատ եմ ուզում՝ հաջորդ անգամ, երբ ձեզ մոտ կլինեմ, հատուկ նոր նախագիծ բերեմ ձեզ, կխոսենք իրար հետ, ու այսպես կշարունակվեն մեր կապերը:
Ծրագրի մասնակիցները տարբեր մասնագիտություններ ու նախասիրություններ ունեն, բայց նրանց միավորել է մեկ նպատակ՝ սփյուռքի ու հայրենիքի միջև կապի ամրապնդումը: Այս գործընթացի մասնակիցը և սփյուռքում Հանրայինի դեսպանը դառնալու համար պետք է այցելել նորաբաց www.ambassadors.1tv.am կայք ու լրացնել առցանց հայտը:
Հեղինակ` Նորայր Շողիկյան