Առողջապահության նախարարից, Երևանի քաղաքապետից ու տեղակալներից վերցված արյունը կհամալրի Հայաստանի արյան պաշարը: Արյան դոնորների համաշխարհային օրը հունիսի 14-ն է: Բայց Կատարից վերադարձած նախարարն ու քաղաքապետը կարևոր են համարել, որ թեկուզ հաջորդ օրը արյուն հանձնեն՝ սեփական օրինակով ընդգծելու դոնորության կարևորությունն ու բարձրացնելու հանրության իրազեկվածության աստիճանը:
Հարցին՝ կուզե՞ն իմանալ, թե իրենց արյունը հատկապես ում է օգնել, նախարարն էլ, քաղաքապետն էլ բացասական պատասխանեցին:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Կարծում եմ՝ դա այդքան կարևոր չէ: Գիտեմ, որ հաստատ ինչ-որ մեկին օգնելու է, և դա ամենալավ զգացումն է, որ այսօր այս փոքրիկ քայլով ամբողջ օրը պիտի ապրես, որ մի լավ գործ ես արել, որ ինչ-որ մեկին օգնել ես:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Անկեղծ կլինեմ, որ առաջին անգամ եմ հանձնում, բայց վստահ եմ, որ այդ մշակույթը պետք է ձևավորվի մեզ բոլորիս մոտ: Բոլորս պետք է ունենանք պատասխանատվություն և հասարակական ընկալման մեջ փոփոխություն իրականացնենք, որպեսզի հնարավորինս պրոցեսները ավելի մատչելի լինեն, և կարողանանք օգնել մեկս մեկին: Կուզենայի՞ք իմանալ՝ ում է օգնելու կոնկրետ ձեր արյունը. ճիշտն ասած՝ երևի՝ չէ:
Նախարար Ավանեսյանը, խոսելով արյան պաշարների ու դրանց համալրման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին, ասաց, որ նպատակ կա տարվա ընթացքում որոշակի ամիսների խրախուսել երիտասարդներին և ուսանողներին, որ ակտիվ կերպով արյուն հանձնեն:
Անահիտ Ավանեսյան - Պետք է նշեմ, որ այս տարի մենք իրականացրինք արյան կայանների ընդհանուր միացման ռեֆորմը, և այսօր արդեն իսկ մենք ունենք միացյալ՝ մեկ կենտրոնից կառավարվող հանրապետական արյան ծառայություն, որը, իհարկե, դեռ շատ բարելավման կարիք ունի, սարքավորումներով հագեցման և այլն, բայց առաջին կարևոր քայլերն արդեն արվել են այս ոլորտում:
Արյան պաշարների ճիշտ կառավարումը, նախարարի խոսքով, ռազմավարական նշանակություն ունի, և կարևոր է, որ բոլոր մարզերում ունենանք նույն չափանիշներով վերցրած, պահպանված և էլեկտրոնային ձևով կառավարվող արյան բանկեր, որոնք մեր անվտանգային կարևորագույն բաղադրիչներից են:
Անահիտ Ավանեսյան - Եթե մեր քաղաքացիները հակված լինեն տարվա ընթացքում մեկ-երկու անգամ գալ և արյուն հանձնել, ապա մենք կունենանք մշտապես բավարար, թարմացվող արյան պաշար:
Հեղինակ՝ Աննա Զախարյան