ՊՈՒՏԻՆԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ ԿԻԵՎԻՆ ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է՝ եթե Կիևին մեծ հեռահարության հրթիռներ տրամադրեն, Ռուսաստանը եզրակացություններ կանի և հարվածներ կհասցնի այն օբյեկտներին, որոնք դեռ չի թիրախավորել․ այսպես է Կրեմլի ղեկավարը մեկնաբանել Ուկրաինային ամերիկյան համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարումը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ նման զինատեսակների մատակարարումը Կիևին դեռևս ոչինչ չի փոխում։ «Ուկրաինական բանակն արդեն իսկ զինված է խորհրդային, ռուսական արտադրության Գրադ, Սմերչ, Ուրագան նմանատիպ համակարգերով»,- ընդգծել է նախագահը։
Նրա խոսքով՝ Կիև զենքի լրացուցիչ մատակարարումների շուրջ աղմուկի միակ նպատակն է երկարաձգել Ուկրաինայում զինված հակամարտությունը։
ԼԱՎՐՈՎԻ ԻՆՔՆԱԹԻՌԻՆ «ՕԴԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ» ՉԵՆ ՏՎԵԼ. ԶԱԽԱՐՈՎԱ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռին թույլ չեն տվել մուտք գործել Սերբիայի հարևան երկրների օդային տարածք։
«Լավրովն ուղևորվում էր Սերբիա։ Ռուսական պատվիրակությունը պետք է բանակցություններ վարեր Բելգրադում, իսկ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրները փակեցին իրենց օդային տարածքը։ Նրանք են խափանում մեր միջև հաղորդակցությունը և ոչ Մոսկվան», - ընդգծել է դիվանագետը։
Ավելի վաղ սերբական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան հրաժարվել են օդային միջանցք տրամադրել Լավրովի ինքնաթիռին։
ՌԴ ԵՎ ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԽԶՎԻ. ՍԱԼԻՎԱՆ
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի դիվանագիտական հարաբերությունները չեն խզվի. հարկավոր է կապ պահպանել՝ չնայած առկա տարաձայնություններին։
«Մեր դեսպանատները պետք է գործեն։ Իհարկե, չեմ բացառում, որ դրանք կարող են փակվել, բայց, կարծում եմ, դա մեծ սխալ կլինի»,- համոզմունք է հայտնել դիվանագետը։
Սալիվանի խոսքով՝ Վաշինգտոնը ստիպված կլինի փակել իր դեսպանատունը Ռուսաստանում, միայն եթե ներկայացուցչության աշխատակիցներին վտանգ սպառնա։ Նա հավելել է նաև, որ միջուկային զենքի շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունների վերսկսումը ներկայումս քիչ հավանական է՝ չնայած երկկողմ հարաբերությունների համար հարցի կարևորությանը։
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԽՈՒՃԱՊ Է ՏԻՐՈՒՄ. ԷՐԴՈՂԱՆ
Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրոպայում Ուկրաինայի շուրջ իրավիճակի պատճառով խուճապ է տիրում։
«Իսկ Թուրքիան արդեն 11 տարի հաջողությամբ հաղթահարում է Սիրիայից անօրինական միգրանտների հոսքի հետ կապված դժվարությունները»,- նշել է նախագահը։ Նրա համոզմամբ՝ սեփական անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու՝ Արևմուտքի համակարգը փլուզվում է։
Էրդողանն անդարադարձել է նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը, նշել՝ Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվի, մինչև չկատարվեն Անկարայի պահանջները։
Թուրքական կողմը բազմիցս հայտարարել է՝ Անկարան «այո՛» չի ասի սկանդինավյան երկու երկրների անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին, եթե նրանք ահաբեկչական չճանաչեն Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և չվերացնեն Անկարային պաշտպանական արտադրանքի մատակարարման սահմանափակումները։
ԱՄՆ-Ը ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՈՒԹ ՀՐԹԻՌ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
ԱՄՆ-ը և Հարավային Կորեան, ի պատասխան Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումների, հրթիռների փորձնական արձակումներ են իրականացրել՝ հայտնել է Կորեայի Հանրապետության շտաբների ղեկավարների կոմիտեն։ Տարբեր թիրախների ուղղությամբ արձակվել է ութ հրթիռ։
ԱՄՆ Զինված ուժերի հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հրթիռային արձակումների նպատակն էր ցուցադրել ճգնաժամային իրավիճակներին համատեղ արձագանքելու պատրաստակամությունը։
ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՇՈՒՐՋ 50 ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ
Բանգլադեշի հարավ-արևելքում գտնվող Չիտագոն քաղաքում բեռնարկղերի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է շուրջ 50 մարդ, 450-ից ավելին՝ վիրավորվել՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Բեռնարկղերից մի քանիսը կարող էին պարունակել դյուրավառ քիմիական նյութեր․ իշխանությունների կարծիքով դա է հրդեհի տարածման պատճառը:
Տուժածների մեծ մասը ստացել է թեթև և միջին ծանրության այրվածքներ, սակայն մի քանիսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։