ԱՄՆ-ը հրաժարվում է մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ համաշխարհային շուկա ուկրաինական հացահատիկի մատակարարման դիմաց։ Այդ մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ Վաշինգտոնը հետևում է Ռուսաստանի, ՄԱԿ-ի և Թուրքիայի միջև բանակցությունների ընթացքին։ Հրապարակման զրուցակիցը պարզաբանել է, որ ԱՄՆ իշխանությունները թերահավատորեն են վերաբերվում Մոսկվայի հայտարարություններին՝ պարենային ճգնաժամի հաղթահարմանն օգնելու պատրաստակամության մասին։ ԱՄՆ-ը չի համաձայնվի այնպիսի գործարքի, որը կհեռացնի Կրեմլի նկատմամբ ցանկացած տնտեսական ճնշում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը Կիևի և Անկարայի հետ համաձայնեցրել է Օդեսայից հացահատիկով բեռնված ուկրաինական նավերի դուրս գալու նախնական սխեման։ Ծրագրի համաձայն՝ Մոսկվան թույլ է տալիս Թուրքիային Ուկրաինայի տարածքային ջրերում իրականացնել ականազերծման աշխատանքներ։ Բացի դրանից՝ թուրքական նավերն ուկրաինական բեռնատար նավերին կուղեկցեն չեզոք ջրեր, որտեղ նրանց կդիմավորեն ռուս զինվորական նավաստիները և Սև ծովով կուղեկցեն Բոսֆոր՝ սադրանքները կանխելու համար։
Մայիսի 31-ին Ուկրաինայի ագրարային քաղաքականության և պարենի նախարար Նիկոլայ Սոլսկին հայտնել էր, որ հանրապետության նավահանգիստներում արգելափակվել է մոտ 1,5 մլն տոննա հացահատիկ։ Ընդհանուր առմամբ, երկրից պետք է դուրս բերվի մոտ 20 մլն տոննա, մեկ ամսից կսկսվի նոր բերքահավաքը։