«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքն ընդունվել է դեռևս 2001 թ.: Ոլորտն արդիականացնելու և ծառայությունը թարմացնելու անհրաժեշտություն է առաջացել` ներկայացնելով օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները՝ ասել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է հունիսի 1-ին` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Նախագիծը մշակվել է գործնականում առաջացած այնպիսի խնդիրների լուծման անհրաժեշտությունից, որոնք կապված են արտաքին գործերի նախարարությունում հանրային ծառայության համակարգի ներդրման, գործող օրենսդրական նորմերի հստակության ապահովման, դիվանագիտական աստիճանների փոփոխության, ՀՀ քաղաքացու և դիվանագիտական անձնագրեր կրելու փաստով վերջինիս ազատ տեղաշարժման իրավունքի իրականացման համաչափության, դիվանագիտական անձնագրի տրամադրման հստակեցման հետ` հիմք ընդունելով ներպետական և միջազգային օրենսդրության նորմերը:
Նախագծի մշակման շրջանակում տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԱԳ նախարարության գործընկերների հետ:
Ըստ Վլադիմիր Վարդանյանի` անհրաժեշտություն էր առաջացել օրենքը համապատասխանեցնել 2018 թ. ընդունված «Հանրային ծառայության մասին» օրենքին:
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն` Արտաքին գործերի նախարարությունում աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներում կներդրվի քաղաքացիական ծառայության համակարգը: Գլխավոր քարտուղարը կունենա տեղակալ, որը կհամարվի քաղաքացիական ծառայող և կհամակարգի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը, ինչն էական նշանակություն կունենա նախարարության բնականոն գործունեության ապահովման համար:
Դիվանագիտական աստիճանների սանդղակում ևս առաջարկվել են փոփոխություններ: Կփոփոխվեն երկրորդ և առաջին քարտուղարների դասային աստիճանները, որոնք, ըստ Վլադիմիր Վարդանյանի, խոչընդոտում էին դիվանագիտական ծառայության ոլորտում առաջխաղացումը: Այն հիմնված է նաև միջազգային փորձի ուսումնասիրության վրա:
Հստակեցվել են նաև դիվանագիտական անձնագրերի տրամադրման և մերժման հետ կապված հարաբերությունների կարգավորումները: ՀՀ քաղաքացիներին դիվանագիտական անձնագրերի տրամադրումը կիրականացվի ՀՀ քաղաքացու անձնագրի հիման վրա: Դիվանագիտական դպրոցում ուսանելու ժամանակաշրջանն ԱԳ նախարարությունում կցորդ նշանակված Դիվանագիտական դպրոցի շրջանավարտների պարագայում կդիտվի որպես մասնագիտական ստաժ: Զեկուցողի գնահատմամբ` այս փոփոխությամբ դիվանագիտական ծառայության ոլորտում որոշակի առումով թարմություն կբերվի:
Վլադիմիր Վարդանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ դիվանագիտական անձնագրի ժամկետին, կադրային ռեզերվում կատարվող կարգավորումներին վերաբերող դրույթների վերաբերյալ:
Հանձնաժողովն առաջարկել է նախագծի քննարկումը կազմակերպել 24-ժամյա ռեժիմով:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծի ընդունմամբ` ինքնավար մարմինների բնականոն գործունեության իրականացման համար քվորում ապահովելու տեսանկյունից կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ:
«ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով: