Մայիսի 23-27-ը Բանգկոկում կայացել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանը (78th session of the Economic and Social Commission for Asia and the Pacific - ESCAP), որին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը` ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի գլխավորությամբ:
Հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում կայացել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ, որի ընթացքում դեսպան Կաժոյանը հանձնել է իր հավատարմագրերը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և հանձնաժողովի միջև համագործակցության հեռանկարները:
Մայիսի 24-ին հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդես է եկել ազգային ելույթով, որում անդրադարձել է կայուն զարգացման օրակարգում առկա խնդիրներին, ինչպես նաև 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական աղետին՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ը չի կարողացել ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրումը:
Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցել է նաև Հայաստանի համար կարևորություն ներկայացնող մի շարք թեմատիկ նիստերի և ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ հանձնաժողովի անդամ և դիտորդ երկրների պատվիրակությունների հետ: