Մայիսի 27-ին՝ ժամը 17։35-ին, Մարտակերտի շրջանի ԱԻ բաժնի 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Առաջաձոր ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Ժամը 17։38-ին Մարտակերտի հրշեջ-փրկարար մասին կից, Առաջաձորի հրշեջ-փրկարար ջոկի հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է դեպքի վայր։ Միաժամանակ դեպքի առթիվ հաղորդում է փոխանցվել Վանք համայնքի շտապօգնություն կայանին։
Տեղ հասնելուց պարզվել է, որ իրար են բախվել Ա․Ի.-ի վարած (Մարտակերտի շրջանի Թբլղու համայնքի բնակիչ, ծնված 1984 թվականին) Volkswagen Vento մակնիշի և Ա․Գ.-ի վարած (ՀՀ Արարատի շրջան, Մխչյան համայնքի բնակիչ, ծնված 1986 թվականին) «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները։
Պատահարի հետևանքով տուժած վարորդ Ա․Ի-ին փրկարարները թեթև մարմնական վնասվածքներով դուրս են բերել ավտոմեքենայից, ցուցաբերել առաջին օգնություն և շտապօգնության մեքենայով տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, կատարել անհրաժեշտ միջոցառումներ և վերադարձել մշտական տեղակայման վայր։
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ տուժած Ա․ Ի.-ի վիճակը գնահատվում է բավարար։