Շիրակի մարզը ներկայացնող Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմը դարձել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-3-րդ դասարանների աշակերտների միջև 6-րդ տարին անընդմեջ անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթող:
Մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 131 հիմնական դպրոցի և Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի թիմերը։
Միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներն անցկացվել են մայիսի 7-ին Գյումրիում։ Ծրագրում ընդգրկված է եղել 5 մրցաձև՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարմամբ, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, վարժություն մանկական երկանիվ հեծանիվով և օլիմպիական խորհրդանիշի հավաքում։
Հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, ինչպես նաև ոլորտը համակարգող պաշտոնատար այլ անձինք։
«Սպորտլանդիա» մարզական միջոցառումն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։