Ապրիլի 29-ին Արմավիր համայնքի Արաքս գյուղում տեղի ունեցավ խոնարհումի միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսներ Ռուբեն և Արմեն Շահինյան եղբայրներին և Արցախյան ազատամարտում զոհված՝ Արաքս գյուղի բոլոր հերոսներին: Այդ մասին ասված է ՀՀ Արմավիրի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում:
«Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, մարզային և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հերոսների ընտանիքի անդամները, հարազատները, ընկերներն ու ուսուցիչները։
Միջոցառումը մեկնարկեց Սարդարապատի հուշահամալիրում գտնվող Արցախյան ազատամարտի հերոսների պանթեոնում, որտեղ ներկաները հարգանքի տուրք մատուցեցին իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին:
Տեր Սարգիս քահանա Խլղաթյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ, աղոթք է հնչեցվել առ Աստված՝ նահատակ հերոսների հոգիների խաղաղության համար:
Այնուհետև Արաքսի գյուղի Զ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հերոս եղբայրների անվան դասասենյակի բացման արարողությունն ու հիշատակի միջոցառումը:
Արմենն ու Ռուբենը զույգ եղբայրներ են։ Ծնվել են 2001 թ. սեպտեմբերի 24-ին Արմավիրի մարզի Արաքս գյուղում։ Կրթություն ստացել են Արաքսի Զ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում։
2019 թ. դեկտեմբերի 17-ին եղբայրները զորակոչվել են բանակ։ Ծառայում էին Մարտակերտում։ Ծառայության ընթացքում բարձր առաջադիմության և կարգապահության շնորհիվ ստացել են սերժանտի կոչում»,- նշված է գրառման մեջ։