Պետական եկամուտների կոմիտեն, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2022 թ. 1-ին եռամսյակի ընթացքում բացահայտել է գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր:
Ռիսկերի խորհրդի ընտրած ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 54 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման դեպքեր:
Դեպքերի վերաբերյալ կազմված արձանագրությունների հիման վրա ՊԵԿ-ի իրավաբանական վարչությունում հարուցված վարչական վարույթների շրջանակում կայացվել է 54 որոշում՝ ընդհանուր շուրջ 20.1 մլն դրամ հարկային պարտավորություններ առաջադրելու վերաբերյալ, այդ թվում՝ 6 վարչական ակտերով նշանակվել է «նախազգուշացում» հարկային պատասխանատվության տեսակը:
ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2022 թ․ 1-ին եռամսյակի ընթացքում, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 9 տնտեսվարող սուբյեկտներ ՊԵԿ-ի նախագահի համապատասխան որոշումներով 12 այլ հարկ վճարողների հետ ճանաչվել են ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված:
Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է ռիսկերի խորհրդի կողմից:
Գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման վերաբերյալ տեղեկատվությունն՝ այստեղ: