Կառավարությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել է Սեդա Շահինյանի թեկնածությունը:
Թեկնածուի կենսագրական տվյալները ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
Սեդա Շահինյանը մասնագիտությամբ իրավաբան է: 2004 թ. աշխատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում՝ առաջատար մասնագետից մինչև իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ:
«Իրողություն է, որ հանրային ծառայությունների կարգավորման բնագավառը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և սոցիալական նշանակություն ու հնչեղություն ունեցող է, որտեղ խաչվում են յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր տնտեսվարողի և պետության շահերը: Հարաբերությունների այդ հարթության մեջ կարգավորողի հիմնական նպատակը նշված շահերը լավագույնս և հմտորեն հավասարակշռելն է»,- ասաց Շահինյանը:
Նրա խոսքով՝ անկախ կարգավորման ինստիտուցիոնալ կայացմամբ է հնարավոր միայն իրական հավասարակշռումը, որը մի կողմից պետք է լինի մասնագիտացված, որպեսզի ապահովի համակողմանի, երկարաժամկետ և կայուն կարգավորման քաղաքականություն, մյուս կողմից օժտված լինի արբիտրի համար անհրաժեշտ գործիքակազմով: