Այս շաբաթն սկսվել է Ռուսաստանի դեմ դիվանագիտական հարվածներով: Որոշ եվրոպական երկրներ, ինչպես նաև Եվրամիությունը հայտարարել են ռուս դիվանագետների արտաքսման մասին։
Արտաքսված տասնյակ ռուս դիվանագետներից մի քանիսը լրտեսության մեղադրանքով հայտարարվել են անցանկալի անձ։
Ապրիլի 5-ին Իսպանիան որոշել է արտաքսել 25 դիվանագետի, Շվեդիան՝ երեք, Իտալիան՝ 30։ Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն ասել է, որ որոշումը կայացվել է «ազգային անվտանգության նկատառումներից ելնելով»՝ գրում է Reuters-ը:
Սլովենիան որոշել է կրճատել ռուս դիվանագետների թիվը երկրում՝ հայտարարելով, որ Լյուբլյանայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների թիվը կհամապատասխանեցնի Մոսկվայում Սլովենիայի դեսպանատան դիվանագետների թվին:
Էստոնիայի ԱԳՆ-ն նույնպես որոշել է արտաքսել 14 ռուս դիվանագետի, Դանիան՝ 15-ի, Պորտուգալիան և Ռումինիան՝ 10-ական դիվանագետի։
Ապրիլի 5-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպան Ալեքսեյ Մեշկովին է փոխանցել ՌԴ դեսպանատան աշխատակիցների ցուցակը, որոնց հայտարարել են պերսոնա նոն գրատա։
Փարիզն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ «վտարված աշխատակիցները զբաղվել են Ֆրանսիայի անվտանգության շահերին հակասող գործունեությամբ»։
Ապրիլի 4-ին էլ Բեռլինն է անցանկալի անձ հայտարարել Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան և հյուպատոսության 40 աշխատակցի՝ ընդգծելով, որ դրանով արձագանքում է Բուչայում ռուս զինվորականների կողմից ենթադրյալ խաղաղ բնակչության ջարդերի մասին տեղեկատվությանը։
Ռուս դիվանագետների արտաքսման մասին են հայտարարել նաև Նիդերլանդները, Բելգիան, Իռլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեխիան։
ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունից մի քանի դիվանագետի վտարելու որոշում է կայացրել Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Ռուսաստանը խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել արևմտյան երկրների «այս ոչ բարեկամական գործողություններին»:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դիվանագետների արտաքսումը նվազեցնում է հաղորդակցության հնարավորությունները այս աննախադեպ պայմաններում։ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն էլ հայտարարել է, որ Մոսկվան դեմ է եվրոպացիների հետ հարաբերությունների խզմանը։ Ըստ դիվանագետի՝ «Հարված է հասցվում երկկողմ հարաբերություններին, դիվանագիտական հաղորդակցության ուղիներին... Սա արվում է միտումնավոր, հետևանքները դեռ երկար ժամանակ կզգացվեն»։